Հիթ 1Տեսանյութեր

Աշխարհի ամենակարճ երգերը․ Հիթ 1

Վաղուց ուզում էի ձեզ ներկայացնել երգերի մի ցուցակ, որն առաջին հայացքից թվում է անկանոն ու անտրամաբանական, քանզի բենդերը, այսինքն՝ համույթները, որոնք դրանք ձայնագրել են, առանձնապես տեսանելի ու շոշափելի ընդհանրություններ չունեն, ժամանակային իմաստով ցրված են տասնամյակների մեջ ու ոճային իմաստով էլ շատ տարբեր են։

Իսկ ի՞նչն է նրանց միավորում։ Տևողությունը․ բոլոր այն երգերը, որոնց անունները հերթով կտամ՝ շատ կարճ են՝ մի քանի վայրկյանից սկսած մինչև մի քանի տասնյակ վայրկյան, նրանցից ոչ մեկը չի հասնում ու չի հատում 60 վայրկյանը, այսինքն՝ 1 րոպեն։

Կարճ ասած՝ սրանք աշխարհի ամենակարճ երգերն են, ձայնագրված բավական հետաքրքիր ու որոշ դեպքերում՝ շատ անվանի խմբերի կողմից։

«Իսկ ի՞նչ է՝ տևողությունն այդքան էակա՞ն է»,- միգուցե հարցնեն որոշ երաժշտասերներ։ Իհարկե ոչ՝ երաժշտական ստեղծագործությունը տևողությամբ չափելն իհարկե այնքան էլ ճիշտ չէ, որոշ դեպքերում դա անգամ ինքնանպատակ է։ Կարևորը՝ որ զարմանալի ու անսպասելի կարճության մեջ գործն ավարտուն լինի ու ունենա ասելիք։ Ասելիք ասելով անպայման չէ հասկանալ երգի խոսքերը, այդպես ճակատային չենք դնում հարցը։ Երաժշտական ստեղծագործությունը կարող է լինել նաև առանց բառերի ու միևնույն է՝ ունենալ ասելիք։

Սկսենք ցուցակը, ավելի ճիշտ՝ ամենակարճ երգերի տասնյակը։

10․ Տասներորդ տեղում է հանրահայտ բրիտանական Coldplay-ն իր Parachutes երգով, որը տևում է 46 վայրկյան։ Սա, ի դեպ, մեծ աղմուկ հանած խմբի դեբյուտային ալբոմից է, ձայնագրված 2000 թվականի հուլիսին։ Ասեմ ձեզ, որ սա ցուցակի ամենաերկար երգն է, քանզի կան երգեր, որոնք շատ ու շատ ավելի կարճ են, քան այս մեկը։ Զգուշացնեմ՝ գնալով ցուցակի երգերի տևողությունը կարճանալու է։ Լսենք։

9․ Իններորդ տեղում է ամերիկյան Minor Threat խումբն իր Straight Edge երգով, որը տևում է նախորդ երգից 2 վայրկյան ավելի կարճ, այսինքն՝ 45 վայրկյան։ Երգը ձայնագրվել է 1981 թվականին։ Minor Threat-ի երկրպագուներին կառաջարկեմ հետո առանձին լսել այս երգը, քանզի, ոչ երաժշտական տերմինաբանություն օգտագործելով նշեմ, որ այն բավական, այսպես ասենք՝ աղմկոտ է։

8. Ութերորդ տեղում է հայտնվել Jonny Trunk-ը, իր բավական, այսպես ասեմ՝ համարձակ ու միաժամանակ նուրբ թեմատիկայով երգով՝ Ladies’ Bras, կանանց կրծկալները․․․այն տևում է 35 վայրկյան: Մի առանձնապես ասելիք չունի այս երգը, բառերն անընդհատ կրկնվում են և այն համարվում է անգլիական չարթերում հայտնված ոչ միայն ամենակարճ երգերից մեկը այլև՝ ամենացանցառ երգը, հենց այդ բնորոշմամբ։

7. Յոթերորդ հորիզոնականում ամերիկյան Green Day խումբն է իր The Ballad of Willem Fink երգով։ Պատկերացրեք, գնացինք-եկանք ու կրկին դեմ առանք փանք ռոքին։ Ինչու՞՝ որովհետև փանք ոճը միշտ հայտնի է եղել իր երգերի կարճությամբ, համենայն դեպս այդպես են պնդել ու պնդում են դրա գիտակները։ Ռոքն ինչպես հայտնի է՝ ընդվզման երաժշտություն է, իրականության հետ չհաշտվողների ցասումն է, ի տարբերություն ջազի, որը համարվում է հաշտվածների երաժշտություն։ Նորից ներողություն համարձակությանս համար։ Իսկ փանքն, ըստ էության՝ ընդվզում է ընդվզման մեջ։ Իսկ ե՞րբ եք տեսել, որ ցասումը լինի երկար, հետևողական ու գիտակցված՝ մարդուն մի բան դուր չեկավ, նա ի սրտե, անկեղծ արտահայտվեց ու հեռացավ, ահա սա է փանքը, երկու խոսքով։ Այ այս երգը կառաջարկեմ լսել՝ Green Day — The Ballad of Willem Fink։

6․ Վեցերորդ տեղում է հայտնվել, պատկերացրեք, լեգենդար Փինք Ֆլոյդն իր Stop ստեղծագործությամբ, 1979-ին ձայնագրված հանրահայտ “The Wall” ալբոմից։ Տևողությունն է ընդամենը 30 վայրկյան։ Սա խմբի ամենակարճ երգն է, շատ հետաքրքիր ու զգացմունքայնության իմաստով՝ բավական հագեցած։ Բառերը հետևյալն են՝ Ես ուզում եմ գնալ տուն, հանել համազգեստս ու լքել այս շոուն։ Ես սպասում եմ այս խցում, որ իմանամ՝ արդյո՞ք մեղավոր եմ եղել այս ողջ ընթացքում․․․Փինք Ֆլոյդի բառերից գլուխ կհանի երևի միայն ինքը՝ Փինք Ֆլոյդը․․․ Կառաջարկեմ լսել։

5. Հասանք հինգերորդ հորիզոնական, այստեղ մեզ սպասում է իսկական գիգանտը՝ բրիտանական հանրահայտ The Beatles-ն իր “Her Majesty” երգով, 1969-ին լույս տեսած Աբբի Ռոուդ չքնաղ ալբոմից։ Her Majesty՝ հայերեն երևի թարգմանենք Նորին Մեծություն կամ Նորին Պայծառափայլություն՝ այդպես բրիտանացիք դիմում են Թագուհուն։ Հանճարեղ Փոլ ՄքՔարթնիի կատարմամբ այս երգը տևում է ընդամենը 24 վայրկյան։ Սա համարվում է այսպես ասած՝ tongue-in-cheek երգ, բառացիորեն կարելի թարգմանել որպես՝ լեզուն այտի մեջ․․․իրականում նշանակում է սարկաստիկ, հումորային։

4. Հաջորդը հանրահայտ Linkin Park-ի Empty Spaces գործն է, A Thousand Years ալբոմից, ձայնագրված 2010 թվականին։ Համարվում է, որ սա ընդամենը նախերգանք է հաջորդ՝ “When They Come For Me” երգի համար։ Բայց համարվում է նաև, որ առանձին ստեղծագործություն է։

3. Մյուս կարճ երգը կոչվում է Սևընթիին՝ 17։ Ինչու՞ է այդպես կոչվում՝ որովհետև, հարազատ իր անվանմանը, այն տևում է հենց 17 վայրկյան։ Հեղինակել է շատ տաղանդավոր մի կոլեկտիվ՝ The Smashing Pumpkins-ը։ 

Ինչպես և նախորդ երգում՝ այստեղ չկա վոկալ, չկան բառեր, չկա երգիչ։ Բայց գոնե կա երաժշտություն։ Էլի լավ է․․․

2․ Երկրորդ տեղում է մեկ այլ լեգենդար բենդ՝ անմոռանալի Քուինը։ Երգը կոչվում է Yeah, այսինքն՝ Այոոո․․․։ Տևում է 4 վայրկյան, կարծում եմ ավելին պետք էլ չէ, ասելու համար «Այոոոո»։ Լույս է տեսել Hot Space ալբոմում, 1982-ին։ Համակ ուշադրությամբ լսենք։

1. Կարճ, ես կասեի՝ կարճագույն երգերի առաջին հորիզոնականն է զբաղեցնում դարձյալ փանք ռոքի բրիտանական ներկայացուցիչ Napalm Death խումբն իր անկրկնելի You Suffer երգով։ Ափսոս, որ այս ստեղծագործությունը տևում է ընդամենը մեկ ամբողջ երեք տասնորդական վայրկյան․․․իսկ որքա՜ն ասելիք, ցավոք՝ մնաց չբարձրաձայնված․․․երգը /իհարկե շատ պայմանականորեն է սա կոչվում երգ/՝ տեղ է զբաղեցրել Գիննեսի ռեկորդների գրքում, որպես բոլոր ժամանակներում ձայնագրված ամենակարճ երաժշտական ստեղծագործությունը։ Այն լույս աշխարհ է եկել 1989-ին։

Լսեք ու գնահատեք այս գլուխգործոցի ողջ խորությունը, խնդրեմ․․․

Մեր ցուցակն ավարտվեց։ Ուր էր, թե աշխարհի բոլոր ստեղծագործողները, շատ հաճախ ջուր ծեծելու փոխարեն կարողանային այսպես կարճ, կոնկրետ ու բովանդակալից արտահայտվել։

Քրիստ Մանարյան

Ցուցադրել ավելի
Back to top button