Զարթուցիչ

Թոմ Սոյերի ազգային օրերն են․ Զարթուցիչ

Չգիտենք՝ Թոմ Սոյերը ձեր սիրելի գրական հերոսներից է, թե ոչ, բայց այն, ինչի մասին կպատմենք հիմա, կապ ունի հենց Թոմ Սոյերի, նրա ընկեր Հեքլբերի Ֆիննի, սիրած աղջկա՝ Բեքի Թետչերի և «Թոմ Սոյերի արկածները» վեպի մյուս հերոսների հետ։

Հենց այսօր՝ հունիսի 30–ին, ԱՄՆ Միսսուրի նահանգի փոքրիկ Հաննիբալ քաղաքում մեկնարկում է «Թոմ Սոյերի ազգային օրեր» ամենամյա միջոցառումը՝ նվիված Մարկ Տվենի այս հանրահայտ վեպի հերոսներին։ Ինչու՞ Հաննիբալ քաղաքում․ որովհետև սա Մարկ Տվենի ծննդավայրն է, և գրողը որպես իր վեպի հորինված քաղաքի նախատիպ հենց այս քաղաքն է նկատի ունեցել։

Ամենամյա այս տոնը տևում է մինչև հուլիսի 5–ը և հազարավոր զբոսաշրջիկների է բերում Հաննիբալ, որտեղ այսօր էլ թևածում է Մարկ Տվենի շունչը։ Հաննիբալի հատկապես պատմական մասում ամեն ինչ հիշեցնում է Մարկ Տվենին ու նրա հերոսներին. ռեստորանների, պանդոկների, հյուրանոցների մեծ մասը Մարկ Տվենի, Թոմ Սոյերի, Հեք Ֆիննի, Բեքի Թետչերի, Հնդկացի Ջոյի և հայտնի վեպի մյուս հերոսների անուններն են կրում: Քաղաքում անգամ Թոմի և Հեքի արձանը կա. սատկած կատուն Հեքի մեջքին  է, իրենք՝ տղաները,  ոտաբոբիկ, ճղճղված հագուստով են և…անսահման երջանիկ ու գոհ իրենց կյանքից…

Հաննիբալում այսօր էլ կա այն տունը, որտեղ ապրել է Տվենի ընտանիքը: Կա նույնիսկ այն ցանկապատը, որը ներկելու հնարը Թոմը խորամանկորեն գտավ։ Քաղաքի հյուրերը, բացի այն, որ այցելում են Թոմի ու նրա ընկերների հետ կապված տեսարժան վայրեր, նաև փառատոնային մրցույթների են մասնակցում, օրինակ՝ հենց՝ ցանկապատ ներկելու…Տոնական միջոցառումների ամենասիրելի արարողություններից մեկն էլ քաղաքի ավագ դպրոցականներից տարվա Թոմի և Բեքիի ընտրությունն է։

Հաննիբալում կանգուն է նաև Բեքիենց տունը․ չէ՞ որ Բեքի Թետչերն իրական նախատիպ ունի՝ Լաուրա Հոքինսը։ Քաղաք եկած զբոսաշրջիկներին շա՜տ հետաքրքրում է նաև այն քարանձավը, որտեղ Թոմն ու Բեքին մոլորվել էին:

Իսկ Հիլլ-սթրիթում  կանգուն է «ուրվականների տունը». այստեղ վեպի հերոսների 27 մոմե քանդակներն են ցուցադրվում: Հարցնում եք՝ ի՞նչ է ուրվականների տու՞նը։ Ավելի լավ է՝ կարդացեք վեպը։ Եվ՝ երանի ձեզ, եթե նոր պիտի կարդաք։

Ցուցադրել ավելի
Back to top button