Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հուլիսի 9-19-ը կանցկացնի ժամանակակից դասականների փառատոն։ Այն այսուհետև կրելու է 20-րդ դարի լեգենդար լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու անունը։
Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը հնարավորություն է տալիս ունկնդիրներին ծանոթանալու դասական երաժշտության նորագույն միտումներին, մեր օրերի կոմպոզիտորների ստեղծագործություններին։
Փառատոնի շրջանակում տեղի կունենա երեք սիմֆոնիկ համերգ: Հուլիսի 9-ին կհնչեն էստոնացի կոմպոզիտոր Արվո Պյարտի, ֆինն հեղինակներ Կաիյա Սաարիահոյի և Սեբաստիան Ֆագերլունդի ստեղծագործությունները։ Հուլիսի 16-ի երեկոն նվիրված կլինի Քշիշտոֆ Պենդերեցկու հիշատակին. կներկայացվեն նրա ստեղծագործությունները։ Իսկ հուլիսի 19-ի համերգային ծրագրում, որը կկրի «Աղոթքներ» խորագիրը, կհնչեն ուկրաինացի կոմպոզիտոր Վալենտին Սիլվեստրովի, անգլիացի լեգենդար կոմպոզիտոր Կառլ Ջենկինսի և ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։
Նշենք, որ փառատոնի շրջանակում շատ ստեղծագործություններ Հայաստանում կհնչեն առաջին անգամ։ Ծրագրերում տեղ են գտել նաև համաշխարհային պրեմիերաներ, մասնավորապես՝ Վալենտին Սիլվեստրովի թիվ 9 սիմֆոնիան, մեր օրերի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկի՝ Կառլ Ջենկինսի երգչախմբային պասակալիան, որը նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։
Փառատոնի փակման համերգը բարեգործական է. տոմսերի վաճառքից ստացված միջոցներն ուղղվելու են «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպությանը։