Մայրիկին խնդրել եք, որ կարտոֆի՞լ տապակի, և որքան հնարավոր է խրթխրթա՞ն։ Դե, մի քիչ չիփսանմա՞ն, որովհետև մեկ է, չիփս մայրիկն արգելել է ուտել։ Ինչ արած, այդպես է ստացվել, որ շատ ու շատ համով բաներ օգտակար չեն:
Մինչև դուք մայրիկի հետ բանակցությունների մեջ կմտնեք՝ կարտոֆիլի խրթխրթանության աստիճանի մասին, մենք կպատմենք այն մասին, թե ինչպես հայտնվեց աշխարհում չիփսը։
Լինում է, չի լինում․․․1853 թվականին ԱՄՆ–ում մի ռեստորան է լինում, անունը ՝ՕԹՅԱԿ ԼՈՒՍՆԻ ԼՃԻ ՄՈՏ։ Դե, այն ժամանակներում երևի կարծել են, թե որքան խորհրդավոր լինի անունը, այնքան՝ լավ։
Ամառվա մի շոգ օր ռեստորան է մտնում մի քմահաճ հաճախորդ՝ Կորնելիուս Վանդերբիլդը։ Պատվիրում է տապակած կարտոֆիլ։ Իսկ երբ խոհարար Ջորջ Քրամը պատրաստում և ինքն էլ մատուցում է կարտոֆիլը, միլիոնատերը պատառաքաղով մեկ կտոր է վերցնում, ծամում և դժգոհ ծռմռում դեմքը։
–Վատ ես տապակել,–ասում է, հաստ են շերտերը։
Ջորջ Քրամը վիրավորվում է։ Վերադառնում է խոհանոց, և որոշում խաղ խաղալ դժգոհի գլխին։ Որքան հնարավոր է բարակ կտրատում է կարտոֆիլը, տապակում մինչև դե, համարյա չոր դառնալը, այնպես, որ խրթխրթա։
–Տեսնեմ՝ ոնց ես ուտելու,–ասում է մտքում և․․․
Դե, իհարկե, գլխի ընկաք, Վանդերբիլդին շա՜տ դուր եկավ կարտոֆիլի այս վիճակը։ Եվ այդ օրը, ասում են, ծնվեց չիփսը․․. իսկ ինչու՞ չիփս։ Անգլերեն «chip» նշանակում է բարակ կտոր, տաշեղ։
Չիփս, իհարկե, չենք ուտում, ուտում ենք մայրիկի պատրաստած կարտոֆիլը՝ անպայման բանջարեղենով։