10 րոպե կինոյի մասին

«Երկնագույն ծովալճակ». 10 րոպե կինոյի մասին

Այսօր ձեզ առաջարկելու եմ դեռահասների մասին մի ռոմանտիկ ֆիլմ դիտել։ Գիտեմ, ոմանց դուր է գալիս այս ժանրը, ոմանք էլ միայն անունը լսելիս  արդեն ձանձրանում կամ խուսափում են դիտել տվյալ ժանրի ֆիլմեր։ Իրականում, ինչպես պնդում են շատ ու շատ կինոմաններ, ինչու չէ, նաև ոլորտի մասնագետներ, ամեն ժանրի ֆիլմ էլ պետք է նայել։ Առհասարակ ֆիլմի ստացված կամ անհաջող լինելը, որակը, հետաքրքիր լինելը բնավ պայմանավորված չեն ժանրով։ Այնպես որ, առաջարկում եմ լսել մեր հաղորդումը այսօրվա ֆիլմի մասին, եթե կհետաքրքրի դիտեք, եթե ոչ՝ ձեր ընտրությունն է։

Եվ այսպես, անցնենք ֆիլմին։

Ասեմ, որ այն նկարահանվել է 2012 թվականին՝ որպես հեռուսատեսային ֆիլմ․ այսինքն չի ցուցադրվել կինոթատրոններում, այլ միանգամից 2012 թվականի հունիսի 16-ին հեռարձակվել է ամերիկյան «Lifetime Television» ալիքով։ Հայերեն թարգմանությամբ ֆիլմի վերնագիրն է՝ «Երկնագույն ծովալճակ», անգլերենով  այն  հնչում է այսպես. «Blue Lagoon: The Awakening»։ Ռեժիսորը Միքայել Սալոմոն է։ Ֆիլմը իռլանդացի գրող Հենրի դե Վեր Սթեքփուլի վեպի հիման վրա 1980 թվականին նկարահանված համանուն ֆիլմի ժամանակակից ռիմեյքն է, սակայն բնօրինակ ֆիլմի սյուժեն ամբողջությամբ փոխվել է, պահպանվել է միայն ֆաբուլան՝ «երկու դեռահասների ռոմանտիկ պատմություն, որոնք պատահաբար հայտնվում են անմարդաբնակ կղզում»։

Էմման և Դինը ավագ դպրոցի աշակերտներ են։ Էմման հավաք աղջիկ է, նպատակասլաց, լավ է սովորում, վարում է ակտիվ հասարակական կյանք ու պատրաստվում է ընդունվել Փրինսթոնի համալսարան։ Աղջիկը հայտնի է իր դպրոցում, ունի շատ ընկերներ, ապրում է լիարժեք ընտանիքում։ Իսկ մեր մյուս հերոսը՝Դինը, ընդգրկված չէ դպրոցական ոչ մի խմբակում, առանձնապես շրջապատ չունի,  ապրում է հոր հետ, որի հետ լարված հարաբերություններ ունի։ Տղայի մայրն էլ մահացել է տարիներ առաջ։

Մի անգամ ավագ դպրոցի աշակերտները մեկնում են մեկշաբաթյա ուղևորության դեպի Տրինիդադ։ Այստեղ, երեկոյի ընթացքում, Էմման պատահաբար ընկնում է զբոսանավից։ Դա միայն Դինն է նկատում և շտապում է օգնության։ Նա օգնում է աղջկան բարձրանալ մի փրկարարական նավակ, որտեղ էլ միասին մնում են բաց ծովում։ Պատանիները հրաշքով են կարողանում գոյատևել փոթորկի ընթացքում, իսկ որոշ ժամանակ անց նավակը հայտնվում է մի կղզու մոտ։ Էմման և Դինը փորձում են գտնել մարդկանց, օգնություն խնդրել ի վերջո, սակայն պարզում են, որ կղզին անմարդաբնակ է։ Կապ չկա, կղզուց ինքնուրույն դուրս գալն էլ անհնար է։

Քաղաքում Էմմայի և Դինի անհետացման լուրն իմանում են միայն հաջորդ առավոտ։ Ոստիկանությունը զննում է դեռահասների անհետացման վայրը, բայց  մտածում են, որ կորածները պարզապես փախել են և շուտով կգտնվեն։ Անհետ կորածների ծնողները մեկնում են Տրինիդադ, ակտիվացնում են ոստիկանական որոնումները, ապա փորձում են երեխաներին ինքնուրույն փնտրել։ Այդ նույն ժամանակ՝ Էմման ու Դինը սկսում են բնակություն հաստատել կղզում։ Երկուսն էլ հասկանում են, որ այստեղ կարելի է գոյատևել միայն միասին՝ օգնելով և պաշտպանելով միմյանց, ուստի նրանց միջև անմիջապես ձևավորվում են բարեկամական հարաբերություններ, իհարկե ունենում են նաև աննշան տարաձայնություններ։

Անցնում է մեկ ամիս։ Տրինիդադի իշխանությունները դեռահասներին ծովում մահացած են հայտարարում ու դադարեցնում որոնումները։ Էմմայի մայրն ու Դինի հայրը դեռ որոշ ժամանակ շարունակում են իրենց որոնումները, բայց նրանք նույնպես ստիպված են լինում նահանջել։ Մինչդեռ Էմման և Դինը շարունակում են գոյատևել կղզում՝ ավելի լավ ճանաչելով միմյանց։ Նրանց հարաբերություններն օրինաչափորեն ընկերականից անցնում են սիրայինի։ Դրսից օգնության հույսը գնալով փոքրանում է։ Պատանիները միայն մեկ անգամ են կղզու վրա ինքնաթիռ տեսնում, բայց չեն հասցնում ազդանշան տալ։ Երկուսն էլ հասկանում են, որ նման ճգնավոր կյանքը չի կարող հավերժ շարունակվել։ Նրանց տարբերությունն այն է, որ Դինը պատրաստ է ապրել այստեղ՝ չմտածելով ապագա խնդիրների մասին, մինչդեռ Էմման տառապում է այն մտքից, որ հեռու է հարազատներից ու ընկերներից, կտրված է ժամանակակից նորմալ կյանքից։

Էմման և Դինը կղզու վրա անցկացնում են ավելի քան հարյուր օր։ Երբ մտերիմներն արդեն կորցնում են հույսը, պատանիներին պատահաբար հայտնաբերում է մի ճամփորդական  ուղղաթիռ։ Նրանց վերադարձը  իսկական սենսացիա էր։ Էմման անմիջապես անցնում է առաջվա կյանքին, և արկածների շնորհիվ ՝ ավելի հանրահայտ  դառնում ։ Նա կասեցնում է հարաբերությունները շարունակելու Դինի բոլոր փորձերը։ Դինը, ինչպես նախկինում, միայնակ է մնում։

Նրանց վերամիավորման վերջին հնարավորությունն ավարտական պարահանդեսն է, որտեղ Էմման պատրաստվում է գնալ ֆուտբոլային թիմի աստղ Սթիվեն Մանի հետ, իսկ Դինն ընդհանրապես չի էլ  պատրաստվում գնալ։

Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կլինի։ Դիտեք 1 ժամ 25 րոպե տևողությամբ «Երկնագույն ծովալճակը» ֆիլմն ու կիմանաք։ Տեղեկացնեմ, որ այն նախատեսված է 16 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։

Ցուցադրել ավելի
Back to top button