Գիտեք՞, թե ինչով է առանձնանում հուլիսի 11-ը ․․․․Շատերդ գուցե գլխի չընկնեք, բայց քաղցրասերները՝ հատկապես շոկոլադի սիրահարները, հաստատ հիշում են, որ ամեն տարի, հուլիսի 11-ին աշխարհում նշվում է շոկոլադի օրը։
Այս քաղցր տոնի առթիվ շնորհավորում ենք շոկոլադասեր մեր ընկերներին և առաջարկում մի պահ հետ գնալ պատմության խորքերն ու պարզել, թե երբ և ինչպես հայտնվեց շոկոլադն ու դարձավ այդքան սիրված քաղցրավենիք։
Պատմում է «Զարթուցիչ»-ի պատանի թղթակից Զավենը:
Զավեն — «Եթե դուք էլ ինձ պես քաղցրասեր եք և ձեր օրն առանց շոկոլադի չի անցնում, ապա այս տեղեկությունները կհետաքրքրեն ձեզ։
Նախ ասեմ, որ այս համեղ տոնը հիմնել են ֆրանսիացիները։ Բայց աշխարհում շոկոլադ առաջին անգամ սկսել են պատրաստել ացտեկները՝ Մեքսիկայի հնագույն բնակիչները։ Շոկոլադին նրանք անվանել են «Աստվածների սնունդ»։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև նրանք հավատում էին, որ կակաոն աստվածների պարգևն է իրենց։ Կակաոյի սերմերը նրանք փոխանակում էին այլ մթերքների հետ կամ շատ թանկ ցնով էին վաճառում։ Մի խոսքով ացտեկական մշակույթում կակաոն ոսկուց արժեքավոր էր և այն հիմնականում հասանելի էր հարուստ և բարձր դասի խավերին:
Մեր օրերում, շոկոլադ կարող ես գնել ամեն քայլափոխի և ուտել՝ ինչքան սիրտդ ուզի։ Իսկ այսօր աշխարհի տարբեր երկրներում շոկոլադին նվիրված փառատոներ, մրցույթներ, ցուցահանդեսներ և վարպետության դասեր են կազմակերպվում։ Մարդիկ այցելում են շոկոլադի գործարաններ և իրենց աչքով տեսնում, թե ինչպես է պատրաստվում այն։ Իսկ գուցե դուք էլ միանաք այս ուրախ տոնին՝ ձեր պատրաստած շոկոլադով․․․ փորձե՞նք․․․ գուցե ստացվի։ Եթե համաձայն եք, ուրեմն շարունակեք լսել Զարթուցիչը»: