Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախօրեին կայացել է Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի քննությունների վերջին՝ տեսական փուլը:
Ավելի վաղ տեղի էր ունեցել օլիմպիադայի գործնական փուլը, որն ուներ փորձարարական բնույթ և անցկացվել էր չորս՝ կենսաքիմիա, բույսերի անատոմիա և ֆիզիոլոգիա, կենդանիների անատոմիա և ֆիզիոլոգիա, կենսաինֆորմատիկա ուղղություններով:
Յուրաքանչյուր մասնակցի տրվել է 7 ժամ, օլիմպիականները քննության ընթացքում համացանցի հասանելիություն չեն ունեցել:
Հիշեցնենք, որ Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադային մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել 64 երկրի աշակերտական թիմեր՝ յուրաքանչյուր թիմում 4 մասնակից:
Օլիմպիադային մասնակցում են 3 դիտորդ երկրներ՝ Աֆղանստան, Բոլիվիա, Ֆրանսիա: Արդյունքները գնահատելու են Հայաստան ժամանած միջազգային ժյուրիի ավելի քան 240 անդամները: Ժյուրին աշխատում է գաղտնիության պայմաններում` գիտական օլիմպիադաների քննական ընթացքն ապահովելու համար կազմկոմիտեի կողմից մշակված հատուկ ծրագրով։
Օլիմպիադայի հաղթողների և մեդալակիր թիմերի անունները կհայտարարվեն հուլիսի 17-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսված փակման արարողության ընթացքում:
Հայաստանի մասնակիցների խումբը ձևավորվել է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի արդյունքներով. երեք մասնակից` «Հերացի» ավագ դպրոցից, մեկը՝ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցից:
Կենսաբանության միջազգային օլիմպիադային Հայաստանը մասնակցում է 2009 թվականից: Հայաստանից մինչև օրս օլիմպիադային մասնակցել է 35 աշակերտ: