10 րոպե կինոյի մասին

«Ոսկե Ծիրան 2022». 10 րոպե կինոյի մասին

Ինչպես գիտեք այս օրերին Երևանում թեժ է ոչ միայն եղանակի պատճառով, այլ նաև «Ոսկե Ծիրան» փառատոնի։ Իսկական կինոհրավառություն բոլորիս ու Հայաստան ժամանած բազմաթիվ հյուրերի համար:

«Աչքաչափով ենք դեռևս պարզապես հաշվում, բայց շատ կարևոր է վերջին օրվանից հետո արդեն որոշակի հաշվետվություն ունենալ և այդ հաշվետվության հիման վրա եզրակացություններ և վերլուծություններ անել։ Մի բան պարզ է, որ այն հիթային ֆիլմերը, որոնք տարբեր փառատոններից են եկել, ինչպես միշտ նայվում են ավելի մեծաքանակ դահլիճներում, բայց ուրախալին այս տարվա այն է, որ հայկական ֆիլմերի մասնակցությունը նույնպես մեծ է։ Չնայած նրան, որ միջազգային փառատոն է, միևնույն է շատ կարևոր առաջնահերթություն է մեզ համար հայ կինոյի առաջխաղացումը» -իր մեկնաբանությունն է ներկայացնում «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը, ում հետ էլ կշարունակենք զրույցը այս հաղորդման ընթացքում:

Երևանի «Ոսկե Ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում ցուցադրվում է շուրջ 100 ֆիլմ: Հուլիսի 10-ին պաշտոնապես մեկնարկած կինոտոնը կեզրափակվի այս կիրակի՝ հուլիսի 17-ին՝  Արամ Խաչատրյան համերգասրահում, ռեժիսոր Գարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» կինոնկարով: Բացումն էլ կայացավ ռեժիսոր Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով։ Ըստ Կարեն Ավետիսյանի այս ընտրությունը  խորհրդանշական իմաստ ուներեր։

«Ոսկե Ծիրանը» կինոսիրողների համար լավ հնարավորություն է ծանոթանալու համաշխարհային հեղինակավոր փառատոններում  ցուցադրված նոր էկրանավորումներին, միևնույն ժամանակ հիանալի հարթակ է հեղինակային կինոյի համար։

Կաննի կինոփառատոնի գլխավոր ֆիլմը՝ «Տրտմության եռանկյունին» 2 ոսկե արմավենու ճյուղ նվաճած պրոդյուսեր Ֆիլիպ Բոբերի ներկայացմամբ Երևանյան պրեմիերա է ունենում հենց «Ոսկե Ծիրանի» շրջանակում։ Լեփ լեցուն դահլիճում դերասանուհիներ Ալյոնա Միխայլովայի և Վարվարա Շմիկովայի մասնակցությամբ ցուցադրվում է «Չայկովսկու կինը» ֆիլմը, տեղի է ունենում Բեռլինի կինոփառատոնի հաղթող «Ալկառաս» ֆիլմի պրեմիերան։

Կարեն Ավետիսյանի խոսքով կինոթատրոնները քիչ են և այսպես թե այնպես մի բան դիտելով մեկ այլ բան դիտելու հնարավորությունն ես կորցնում, բայց բոլոր փառատոններում էլ այդպես է, և փառատոնի հմայքն էլ հենց այն է, երբ չգիտես թե ծրագրի մեջ ինչպես կողմնորոշվես։ Մեր զրուցակիցը լիահույս է, որ «Ոսկե Ծիրանն» իր հերթին այս ամենն ապահովում է։

Փառատոնի այս տարվա պատվավոր հյուրերից էր հանրահայտ ռեժիսոր Կոստա Գավրասը։ Նա ջերմ ու դրական տպավորություններով մեկնեց Հայաստանից։

Ավանդաբար Երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում հարգանքի տուրք է մատուցվում անվանի կինոգործիչներին։ Այս տարին բացառություն չէր։ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում այսուհետ կլինի նաև Լաերտ Վաղարշյանի պատվո աստղը։  Արվեստագետ ու կինեմատոգրաֆիստ լինելուց բացի նա ծավալել է կառավարչական գործունեություն այս ոլորտում, կանգնած է եղել «Կինոյի տան» ակունքներում։ Լաերտ Վաղարշյանի 100 ամյա հոբելյանը կնշանավորվի նաև պատվո աստղի բացմամբ։

«Ոսկե Ծիրանի» ընթացքում ամեն տարի տեղի են ունենում նաև վարպետության դասեր անվանի կինոգործիչների կողմից, որոնք հատկապես շատ են սիրում կինոարվեստի ուսանողները։ Հենց նրանց համար ու ոչ միայն՝ շատ լավ նորություն ունենք։ Երևանում շուտով կբացվի «Նոր կինոյի միջազգային դպրոցը»։

2 տարի տևողությամբ  դասընթացները  բացի հայ մասնագետներից, կվարեն նաև արտասահմանից ժամանած պրոֆեսիոնալները։ Կարեն Ավետիսյանի համոզմամբ նրանց անունները հանրությանը շատ բան չեն ասի, քանի որ հենց այդ դպրոցի փորձը ցույց է տվել, որ լավ դասախոսն ու մանկավարժը ուղիղ համեմատական չեն հայտնի կինեմատոգրաֆիստ լինելուն և հաճախ ստացվում է, որ հայտնի ռեժիսորները ոչ այնքան էֆֆեկտիվ ուսուցիչներ կամ մենթորներ են լինում։

Դպրոցում խիստ տարիքային սահմանափակում չի լինի, միայն կորոշվի պայմանական թիվ, օրինակ 13-ը, որից մեծ լինելու դեպքում միայն հնարավոր կլինի մասնակցել դասերին։ Կրթական ծրագիրը կունենա մի քանի անվճար տեղեր։

Եթե դեռ չեք հասցրել դիտել «Ոսկե Ծիրանի» ընթացքում ցուցադրվող ֆիլմերը, շտապեք․ մնաց 2 օր՝ օգտվելու համար այդ հնարավորությունից։ Սպասենք ու դիտենք նաև տարբեր անվանակարգերում հաղթած կինոնկարները։

Ցուցադրել ավելի
Back to top button