10 մլն դրամ մեկ երևանյան և մեկ մարզային թատրոններում բեմադրության համար

Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով Հայաստանի թատերական գործիչների միություն հետ վերջին 2 տարիներին հովանավորել է ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը։ Այն առավել բովանդակալից, մրցակցային և ներկայանալի դարձնելու նպատակով այս տարի Երևանի քաղաքապետարանը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ:
Այս մասին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․
«2022 թվականի ընթացքում, «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության մասնակցության պայմանով, Երևանի քաղաքապետարանը կստանձնի 2 նոր՝ մեկ երևանյան և մեկ մարզային թատրոններում բեմադրվող ներկայացումների հովանավորությունը: Նախատեսվում է, որ ծրագիրը կդառնա շարունակական և Երևան քաղաքի բյուջեում 2023 թվականից կնախատեսվեն համապատասխան միջոցներ՝ մեկ երևանյան և մեկ մարզային թատրոնում նոր բեմադրության իրականացման աջակցության համար»։
Այս տարի, նշված ծրագրի շրջանակում, յուրաքանչյուր բեմադրության համար 5 մլն ՀՀ դրամի չափով աջակցություն կցուցաբերվի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնին և Գորիսի Վ.Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնին: