Լուրեր

Ազատ ոճային ըմբիշները 2 բրոնզե մեդալ են նվաճել Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների հավաքականը երկու բրոնզե մեդալ է նվաճել Հռոմում անցկացված աշխարհի առաջնությունում: Պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել Արման Հարությունյանը (45 կգ) և Ռազմիկ Եփրեմյանը (71 կգ):

Արման Հարությունյանը որակավորման փուլում 13:7 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցչին, սակայն քառորդ եզրափակչում զիջել է ամերիկացի ըմբիշին։ Վերջինս հասել է եզրափակիչ, և Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել, որտեղ 8:7 հաշվով առավելության է հասել Հնդկաստանի ներկայացուցչի նկատմամբ և գոտեմարտել բրոնզե մեդալի համար։ Որոշիչ գոտեմարտում էլ հայ ըմբիշը 2:0 հաշվով հաղթանակ է տարել իրանցի Սալլեհ Նավազիի նկատմամբ:

71 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանն էլ բրոնզե մեդալի համար գոտեմարտում 9:2 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ղազախստանի ներկայացուցիչ Ալիշեր Ժոլդասբայի նկատմամբ: Եփրեմյանը մեկնարկային գոտեմարտում 11:0 հաշվով հաղթել էր Ճապոնիայի ներկայացուցչին, 1/8 եզրափակչում 8:4 հաշվով առավելության էր հասել հույն ըմբիշի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 10:0 հաշվով ուժեղ էր գտնվել շվեյցարացի Նիկ Շերերից: Եփրեմյանը պարտվել է միայն կիսաեզրափակչում՝ զիջելով ամերիկացի ըմբիշին:

Մ17 տարեկանների ԱԱ-ում ավելի վաղ հանդես էր եկել նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը՝ նվաճելով 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ:

Ցուցադրել ավելի
Back to top button