Լուրեր

Մի նկարի պատմություն․ «Կինը ծովափին»

Հայաստանի ազգային պատկերասրահում շարունակվում է «Հայկական Իմպրեսիոնիզմ» ընդգրկուն ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է ֆրանսահայ նկարիչ Կարապետ (Շառլ) Ադամյանի «Կինը ծովափին» կտավը թանգարանի մշտական ցուցադրությունից:

Ամռան ամիսներին Շառլ Ադամյանը սովորաբար պլեների է մեկնել ատլանտյան ափ՝ Սեն-Ժիլ-Կրուա-դը-Վի համայնք: Այստեղ նա ստեղծել է բազմաթիվ հիասքանչ ծովանկարներ, հիմնականում մարդկանց ֆիգուրներով ծովափնյա լուսառատ տեսարաններ, որոնք դարձել են իր «յուրահատուկ այցեքարտը»: Արվեստի քննադատները նշել են Ադամյանի կտավների յուրատեսակ փայլը. կյանքի հանդեպ հրճվանք ներշնչող նրա նկարները լի են լույսով ու թափանցիկ օդով, որոնք արվեստագետը հաղորդել է մանր, դինամիկ վրձնահարվածների միջոցով: Առաջին պլանում պատկերված կանանց, երեխաների ֆիգուրները նա, որպես կանոն, ներկայացրել է լուսընդդեմ դիրքով՝ ջրի մակերևույթին շաղված աշխույժ գունացոլքերի ֆոնին:

Կարապետ Ադամյանը ծնվել է Կոստանդնուպոլսում, ոսկերչի ընտանիքում: Սովորել է Պոլսի Մխիթարյան վարժարանում: Տասներեք տարեկանում մեկնել է Վենետիկ և ուսումը շարունակել Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում, որտեղ գեղանկարի մասնավոր դասեր է առել իտալացի պրոֆեսոր Անտոնիո Պաոլետտիից: Այնուհետև հաճախել է Վենետիկի Գեղարվեստի ակադեմիա, սակայն առանց ավարտելու՝ վերադարձել է Պոլիս, որտեղ 1895 թ. բացել է իր առաջին ցուցահանդեսը: Միառժամանակ աշխատել է սուլթանական պալատի խեցեգործական արվեստանոցում: Հաջողությամբ ծառայելով արքունիքում, կատարելով բազմաթիվ մասնավոր պատվերներ, Ադամյանը 1897 թ. ստիպված է եղել գաղթել Ֆրանսիա՝ համիդյան ջարդերի պատճառով: Քիչ ժամանակ անց Կարապետ (Շառլ) Ադամյանը մեծ ճանաչում է ձեռք բերել որպես պլակատի վարպետ, ձևավորել է Ռընե Բազենի, Անատոլ Ֆրանսի, Գի դը Մոպասանի, Գյուստավ Ֆլոբերի գրքերը, աշխատակցել է առաջատար թերթերին և ամսագրերին:

Ցուցադրել ավելի
Back to top button