Հիթ 1

Արևոտ երգերի հեղինակը՝ Գիլբերթ Օ՛ Սալիվան. Հիթ 1

Դեռ դպրոցի միջին դասարաններում էի, երբ երջանկահիշատակ Արմեն Հովհաննիսյանն իր անմոռանալի «22․30»-ի եթերում ներկայացրեց էս ինքնատիպ, առվակի պես զնգուն, զուլալ ձայն ունեցող երգիչ-երգահանին՝ հնչեցնելով նրա ամենահայտնի «Քլեր» երգը։ Իմացողներն իհարկե գլխի ընկան, թե ում մասին է խոսքը, իհարկե, Գիլբերթ Օ՛Սալիվանի։

Նրա լրիվ անունն է Ռայմոնդ Էդուարդ Օ՛Սալլիվան, տաղանդավոր իռլանդացի ժողովրդի տաղանդավոր զավակ։ Ընտիր երգեր գրելուց ու դրանք անթերի կատարելուց բացի, նա նաև հիանալի տիրապետում է իր սիրելի ու անփոխարինելի երաժշտական գործիքին՝ դաշնամուրին։ Հիպիական շարժմանը հարող մի շատ ազատամիտ անձնավորություն (թեև էդ գաղափարախոսությունն իր երգերի մեծ մասում, կարելի է ասել, ընդհանրապես ոչ մի կերպ չի ներկայացված), մեկը, ով գտել էր իր համար բեմական կերպար, էսպես ասած՝ «Մեծ ճգնաժամի տարիների անտուն թափառաշրջիկի» ոգով։ Գիլբերթ Օ՛Սալիվանը 1970-ականներին Մեծ Բրիտանիայի լավագույն երգիչներից էր, փոփ ժանրի ամենավառ ներկայացուցիչներից մեկը։

Նրա երգերն էնքա՜ն արևոտ ու լուսավոր են, հատկապես, մեղեդիների առումով, միաժամանակ էնքան նուրբ հումոր ունի իր գրած խոսքերում, էնքան պարզ ու մարդկային բաներից է խոսում իր ստեղծագործություններում, որ անհնար է լսել նրան ու առնվազն՝ չհամակրել։ Տեխնիկապես գերազանց վոկալը միանգամից ճանաչելի է դարձնում նրան։ Մի քիչ, ասես, ռնգային, զիլ ձայնի տեմբրը և էն մեղմությունը, որով, ի դեպ, երբեմն երգում է շատ համարձակ տողեր՝ մեր սերնդի գրեթե բոլոր երաժշտասերներն անգիր գիտեն ։ Անձամբ ես տասնամյակներ ի վեր նրանից չորս երգ եմ լսում, մեկը մյուսից չքնաղ, ու լսում եմ դրանք բառացիորեն մի քանի օրը մեկ, ասես ինքս ինձ ապացուցելու համար, որ հիմա, ցավոք, գրեթե չեն գրվում նման հրաշագեղ, մեղեդային գործեր, հիմա ուրիշ մտածողության դարաշրջան է․․․

Թե ինչպես է Օ,Սալլիվանը կարողանում մի կետից սկսելով՝ ճյուղավորել մեղեդու ընթացքը, մի տեսակ՝ խճճել այն ու հետո նորից հանգուցալուծել՝ ասես, կախարդանքով քանդելով իր իսկ սարքած բարդ կծիկը՝ առանձին խոսակցության առարկա է։ Երաժշտական երկար ֆրազները նա էնպես է ներկայացնում, որ դրանք կարճ ու լակոնիկ են թվում, անսպասելի ու համարձակ՝ հարմոնիկ  հենքով շաղախված․․․

Իմ սիրած չորս երգերն են՝ Alone again, naturally՝  «Նորից մենակ՝ բնականաբար», What’s in a kiss՝ «Ի՞նչ է համբույրը», Happiness is me and you` «Երջանկությունը ես ու դու ենք» և անկրկնելի, անմոռանալի, պարզ ու հանճարեղ գլուխգործոց՝ «Քլերը», երգ, նվիրված իր ընկերոջ` պրոդյուսեր Գորդեն Միլզի երեք տարեկան աղջկան՝ Քլերին, որն իր ավագ ընկերոջը՝ հեղինակ Գիլբերթ Օ՛Սալլիվանին քեռի Ռեյ էր անվանում։

Ցուցադրել ավելի
Back to top button