Հա՛ֆ, մյաո՜ւ

Ֆրանսիական բուլդոգ. Հա՛ֆ, մյաո՜ւ

Բարև, հարգարժան Հա՛ֆ-մյաո՜ւականներ։ Այսօր մենք խոսելու ենք ֆրանսիական բուլդոգից։ Սա ոչ մեծ չափերի, ընտիր շուն է, երկատված, տափակ քթով (եթե այդպես կարելի է ասել), մեծ գլխով, նույնպիսի երկատված վերին շուրթով ու կարճ պոչիկով։ Ականջները ցցված են,գունավորումը լինում է շատ տարբեր։ Արուները կշռում են մինչև 15, իսկ էգերը՝ 13 կիլոգրամ։

Սա դեկորատիվ ու նաև ուղեկցող կամ ընկերակցող շուն է, հայերեն, երևի, այդպես կասեն։ Պատկանում է մանր մոլոսուսների խմբին։ Արդեն ասացի, որ հայրենիքը Ֆրանսիան է։ Եվրոպական կինոլոգիական ֆեդերացիան, ի դեպ, այս շների բոլոր գունավորումների շարքում չի ընդունում միայն կրեմագույն մազածածկույթը, սակայն այդ գույնի ֆրանսիական բուլդոգները լայնորեն տարածված են Ամերիկայում։

Ֆրանսիական բուլդոգը կենսուրախ է, բավականին խելամիտ, ամրակազմ է, մկանոտ ու պինդ ոսկորներով։

Այս շնիկը դեկորատիվ է և նրա, այսպես ասենք, դերը, նաև տերերին զվարճացնելն է։ Նա ուրախ է ու շարժուն, կայուն բնավորությամբ, սիրում է երեխաներին, լավ է տրամադրված դեպի անծանոթներն ու հյուրերը, սակայն, վտանգի դեպքում, անձնուրացորեն կպաշտպանի տիրոջն ու նրա ընտանիքին։ Կարող է ագրեսիվ լինել մյուս շների ու կատուների հանդեպ, սակայն դա հիմնականում կախված է կոնկրետ շան բնավորությունից։

Ընդունված կարծիք է, որ ֆրանսիական բուլդոգն առաջացել է լեգենդար անգլիական բուլդոգից և ժամանակին եղել է կռվող շուն։ Բայց կոնկրետ այս ցեղատեսակի բուծմամբ զբաղվող գիտակից մարդկանց շնորհիվ ֆրանսիական բուլդոգը աստիճանաբար դադարել է կռվաշուն լինելուց, ինչը շատ ողջունելի է։

Ժամանակակից կինոլոգները կարծում են, որ ֆրանսիական բուլդոգի նախնիների թվում է եղել նաև իսպանական բուլդոգը, որը, ցավոք, հիմա արդեն, վերացած ցեղատեսակ է։ Ֆրանսիական բուլդոգը․․․ասեմ չզարմանաք, ժամանակին եղել է  անգլիացի դերձակների սիրելի շունը, նախկինում զբաղվել է առնետաորսով։ Հետո, որոշ անգլիացի դերձակներ գաղթել են մայրցամաք, իրենց հետ տանելով սիրելի շնիկներին։ Ֆրանսիական էլիտան շատ է հավանել այս շներին ու, այսպես ասած, էլիտար շրջանակներում նա դարձել է ընդունված։ Հասարակ մարդիկ, սովորական ֆրանսիացիները, ի տարբերություն էլիտայի՝ չէին կարող նման շուն պահել։ Այդպես անգլիական դերձակների շունը դարձել է ֆրանսիական։

Առաջին անգամ ֆրանսիական բուլդոգը ցուցադրվել է 1896 թվականին։ Հետո, ինչպես և բոլոր, ոչ ամերիկյան շների դեպքում՝ ֆրանսիական բուլդոգը հայտնվել է Նոր Աշխարհում ու դարձել չափազանց թանկարժեք շուն։ Դեռ այն ժամանակ կենդանին արժեր 250-ից 750 դոլլար և իր այդ գնով գերազանցում էր ամերիկյան ժողովրդական մեքենա համարվող «Ֆորդին»։ Իսկ 20-րդ դարի սկզբին ֆրանսիական բուլդոգի գինը Ամերիկայում հատեց 5000 դոլլարի ֆանտաստիկ սահմանը։

Անպայման նշեմ, որ ֆրանսիական բուլդոգը բացահայտորեն խանդոտ շնիկ է։ Իր ինտելեկտուալ հնարավորություններով, նա, ըստ Սթենլի Քորենի կազմած հանրահայտ գրքի տվյալների՝ 109-րդ տեղում է։ Սա վկայում է միջին ինտելեկտի մասին, սակայն 1934 թվականին շների դրախտ գնացած Արքայադուստր Ժաքլին անունով շնիկը, իր կենդանության օրոք կարողանում էր մարդու լեզվով արտաբերել 20 բառ․․․պատկերացնու՞մ եք։

Ֆրանսիական բուլդոգը կարիք չունի ֆիզիկական պարտադիր վաժությունների, սակայն նրան էլ պետք է պարբերաբար զբոսանքի հանել։ Այս շներին հակացուցված է շատ տաք կլիման, այլապես շնչառական բարդություններ կունենա։ Նա չի հարմարվում ցրտին՝ պիտի ունենա հատուկ հագուստ։ Պետք է հետևել նաև, որ շնիկն իր ագահության պատճառով շատ չգիրանա։

Մի խոսքով՝ նման ընտիր, մարդուն շատ սիրող ու նվիրված, միաժամանակ մեղմ ասած՝ ոչ էժան շնիկ պահելուց առաջ պետք է երկար ու լուրջ խորհրդակցել մասնագետի հետ։ Անձամբ ես, այնուամենայնիվ, ձեռնպահ կմնայի նման ցեղատեսակ պահելու գործում, դրա համար պետք ամենաիսկական նվիրում ունենալ։

Իմ գերադասած ցեղատեսակներն են, արդեն առիթներ ունեցել եմ նշելու, անկրկնելի Կանե Կորսոն և աշխարհի լավագույն շունը՝ մեր Հայկական Գամփռը, որոնց անունները միշտ մեծատառով եմ գրում։

Սակայն ֆրանսիական բուլդոգն էլ իր սիրողներն ունի, սա ընտիր ցեղատեսակ է, բայց մի քիչ այլ հոգեկերտվածք ու բնավորություն ունեցող մարդու համար։

Քրիստ Մանարյան

Ցուցադրել ավելի
Back to top button