Հիթ 1

Աստղաֆիզիկոս ու երաժիշտ Բրայան Մեյը. Հիթ 1

Սիրելի երաժշտասերներ, այսօր խոսելու եմ մեր ժամանակի ամենահայտնի ռոք երաժիշտներից մեկի մասին, որը ոչ միայն համաշխարհային համբավ է վայելում որպես տաղանդավոր կիթառիստ ու երգահան, այլ նաև շատ սիրելի է մեր՝ հայերիս համար։ Ասենք՝ նրան բոլորն են սիրում, ամենուր․ գուցե զուսպ կեցվածքի համար, գրած գեղեցիկ երգերի կամ մարդկային որակների համար, աշխարհի ամենահայտնի ռոք խմբերից մեկի համահիմնադիրն ու ընտիր երաժիշտ լինելու համար։ Խոսքս Բրայան Մեյի մասին է՝ Բրայան Հարոլդ Մեյ։

Ծնվել է 1947 թվականի հուլիսի 19-ին, Համփթն Հիլլում։

Հա, չմոռանամ ասել՝ Բրայան Մեյը մասնագիտությամբ աստղաֆիզիկոս է, կարծում եմ շատերը գիտեն, դրա համար էլ Ռիք Ուեյքմնի հետ հրավիրված է մեր երկրում կայանալիք «Սթարմուս» փառատոնին։

Դե իսկ, փառատոնի մտահաղացման հեղինակ, Փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը նշել է, որ նման մասշտաբի գիտության փառատոն տարածաշրջանում անցկացվելու է առաջին անգամ, ինչը և մեծացնում է դրա գրավչությունը: Նախատեսվում է հանրահայտ գիտնականների, արվեստագետների, երաժիշտների մասնակցություն, որոնց թվում են նաև 8 Նոբելյան մրցանակակիրներ: Ի դեպ, Մեյը փառատոնի համահիմնադիրներից է։

Բայց դե աշխարհը Բրայան Մեյին գիտի նախևառաջ որպես «Քուին» ռոք բենդի սոլո կիթառահար ու շատ երգերի հեղինակ։  

Դրանցից իմ ամենասիրելիներն են 39-ը, այսինքն՝ երեսունինը և Քուինին երևի թե ոչ այնքան բնորոշ ոգով գրված Dreamer’s Ball-ը։

Մեյի երգերը մեղեդային են, շատ ռոմանտիկ, նուրբ անցումներով ու հիշվող։  

Ի դեպ, ոչ թե պարզապես աստղաֆիզիկոս ու երաժիշտ-երգահան Բրայան Մեյ, այլ՝ դոկտոր Բրայան Մեյ, սա չմոռանանք։  

Անցնենք առաջ։ Հայտարարաված է, որ «Սթարմուս 6» փառատոնին գալու է նաև Ռիք Ուեյքմանը։ Մի քիչ էլ խոսեմ նրանից։ Իսկական անունը՝ Ռիչարդ Քրիստոֆեր Ուեյքման։ Ժամանակին Բրիտանիայի ու աշխարհի ռոք երկնակամարում փայլած, տարվա լավագույն խումբ համարված Yes բենդի ստեղնաշարային գործիքներ նվագող հանրահայտ Ռիք Ուեյքմանը ամենաիսկական վիրտուոզ է։ Նա իր կյանքի 50 տարուց ավելին նվիրել է իր սիրելի Yes բենդին։  

Մի խոսքով՝ հետաքրքիր մարդիկ են գալու «Սթարմուս 6» փառատոնին մասնակցելու։ Ասում են՝ գալու է նաև Sons of Apolloo՝ «Ապոլոնի որդիներ» մեթալ սուպերբենդը: Գալու է նաև Սերժ Թանկյանը։

Կարճ ներկայացնեմ այս ամենի ոգեշնչողին՝ Գարիկ Լիպարիտի Իսրայելյան, ծնված 1963-ին, Երևանում, իսպանահայ աստղաֆիզիկոս, գիտնական, Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, «Սթարմուս» փառատոնի հիմնադիր։ Նա ղեկավարել է այն թիմը, որը գտել է առաջին դիտորդական ապացույցները՝ որ «գերնոր աստղերի պայթյուններն են պատասխանատու աստղային զանգված ունեցող սև խոռոչների ձևավորման համար»։ Ով որ պետք էր, ինչ որ պետք էր՝ հասկացավ։

ԴԵ իսկ «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով փառատոնը Հայաստանում կանցկացվի 2022 թվականի սեպտեմբերի 5-11-ը: Այն նվիրված է Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Փառատոնի շրջանակում նախատեսվում է հյուրընկալել 3-5 հազար այցելու աշխարհի տարբեր երկրներից:

Այսպիսին էր իմ այսօրվա երաժշտա-գիտական «Հիթ 1»- ը, որը ցանկանում եմ ավարտել դոկտոր Բրայան Մեյի «39» գործով։

Լավ եղեք, լսեք լավ երաժշտություն․ այս մարդիկ մի ողջ կյանք են դրել բոլորիս ճաշակը զարգացնելու ու բարձր պահելու համար։

Քրիստ Մանարյան

Ցուցադրել ավելի
Back to top button