Հիթ 1

Անմոռանալի ․․․ Հիթ 1

Հիթ 1-ն այսօր նվիրել եմ մի երգի, ավելի ճիշտ տվյալ երգի մի կատարման, որի նմանը երբևէ չեմ լսել։ Այդ կատարումն իսկապես եզակի է, քանզի․․․

Բայց․․․ քանզին ավելի ուշ կլուսաբանեմ, սկզբից խոսեմ երգը հանրահռչակած մեծ արտիստի մասին, որն իսկապես բեմի թագավորն էր ու որպես էդպիսին էլ մնաց։ Նրան էդպես էլ կոչում էին՝ թագավոր։ Թեև միայն մեր հերոսը չի, որ նման տիտղոսի է արժանացել իրեն սիրող ու պաշտող հանրության կողմից։ Առնվազն 2 երաժշտական թագավոր էլ գիտեմ՝ Բի Բի Քինգն ու Ալբերթ Քինգը։ Բայց Բի Բի Քինգի ազգանվան մեջ Քինգ, այսինքն՝ թագավոր բառն ի սկզբանե կա, նրա իրական անուն-ազգանունն է՝ Ռայլի Բի Քինգ։ Իսկ այ, երկրորդ թագավորը՝ բլուզի արքան, հանրաճանաչ Ալբերթ Քինգը իր մականունը ստացել է իբրև պարգև, նրա իրական անուն-ազգանունն է Ալբերթ Նելսոն։

Սակայն մենք էսօր խոսելու ենք երրորդ, ես կասեի՝ գլխավոր արքայի ու նրա հանրահայտ մի երգի մասին, եթե ինձ հարցնեք՝ թագավորներից թագավորի մասին։ Նկատի ունեմ անկրկնելի ու անմոռանալի Նաթ Քինգ Քոլին, իրական անուն-ազգանունը՝ Նաթանիել Ադամս Քոուլ։ Չիմացողներին տեղեկացնեմ, որ նշածս երեք երաժշտական թագավորներն էլ սևական էին, ծագումով աֆրոամերիկացիներ։

Առաջարկում եմ լսել մի հատված Նաթ Քինգ Քոլի կատարմամբ ամենահայտնի երգերից մեկից, On the Street Where You Live /Փողոցում, ուր դու ես ապրում/, որից հետո քիչ ավելի հանգամանալից կներկայացնեմ էդ ունիկալ արտիստին։ Նա, անկասկած, արժանի է ամեն կարգի մեծարման և կյանքի օրոք իսկապես մեծարվել է ըստ արժանվույն։

Երգը, որից լսեցինք հատված, ի դեպ Բրոդվեյան Մյուզիքլից էր՝ My Fair Lady։ Կա նաև էկրանավորված տարբերակը, ուր հերոսուհուն մարմնավորել է ըստ իս՝ բոլոր ժամանակների ամենահամակրելի ու ամենասիրված դերասանուհին, հրեշտակային հայացքով սրտեր զինաթափող Օդրի Հեփբերնը։

Նաթանիել Ադամս Քոուը, նույն ինքը՝ Նաթ Քինգ Քոուլը սկսել է երգել 4 տարեկանում, հայրը բապտիստական եկեղեցու քահանա էր, մայրը նույն եկեղեցում՝ երգեհոն էր նվագում ու փոքրիկ Նաթը օրը 24 ժամ երգ-երաժշտության մեջ էր, իսկ հետո, երբ Ալամաբայից տեղափոխվեցին Իլլինոյս նահանգ, Չիկագո՝ սկսեց դաշնամուրի դասեր առնել։

Իսկ գիտե՞ք ինչպես էր նա սիրում նստել դաշնամուրի առջև՝ ոտքը ոտքին գցած ու կողքով, դեպի գործիքը․․․

Նաթը բարձրահասակ էր, բարեկազմ, գեղեցկադեմ, էլեգանտ, միշտ ընտիր կոստյումով, միշտ ժպտերես ու մարդկային հոգու երևի բոլոր լավագույն առաքինություններով օժտված, նրա տեսքը դեռ երգից առաջ գրավում էր մարդկանց, նա շքեղ էր, միաժամանակ պարզ, սրտամոտ ու անհավանականորեն տաղանդավոր։ Դե իսկ խորը, թավշա ձայնի տեմբրն էնքան ձգող էր ու էսպես ասած՝ ինտելեկտուալ, որ հանդիսականը տարվում էր նրանով միանգամից ու կարող էր լսել Նաթի երգեցողությունը ժամերով, առանց հոգնելու։ Իզուր չէ, որ Նաթին շատ արագ կնքեցին որպես բեմի արքա։

1950 թվին Նաթ Քինգ Քոլը ձայնագրեց Մոնա Լիզա երգը, որը միանգամից գրավեց առաջին տեղերն ու վաճառվեց 3 միլիոն տպաքանակով, դա ուղղակի չլսված էր էն տարիների համար․ Նաթը դարձավ բառիս բուն իմաստով ազգային հերոս։ Սևամորթ երիտասարդի համար դա ցնցող նվաճում էր՝ նրան սիրեցին ու պաշտեցին բոլորը։ Նաթը շատ էր ձայնագրում երգեր Սուրբ Ծննդյան թեմաներով։ Նրա կատարմամբ Merry Christmas to You երգը իր մահից հետո էլ (իսկ մահացել է Նաթ Քինգ Քոլը հեռավոր 1965 թվականին, ընդամենը 45 տաեկանում), մինչև էսօր ամենալսվողն է էդ տրամադրությամբ երգերի մեջ։

Քոուլն իր կյանքի ընթացքում դարձավ նաև ռասիզմի զոհ, էն իմաստով, որ համերգի ժամանակ «ճերմակ» երիտասարդներ հարձակվեցին վրան ու փորձեցին ծեծել, դա նրանց հաջողվեց, մասամբ, հետո հարձակվողներին ձերբակալեցին ու դատեցին

Մի հատված էլ լսենք նրա կատարմամբ հանճարեղ Հոագի Քարմայքլի հեղինակած  Stardust—  «Աստղափոշի» ստեղծագործությունից ու անցնենք մեր էսօրվա հիմնական երգին․ աստղազարդ երկնքի մասին ոչ ոք չի երգել էնպես, ինչպես մեծն Նաթ Քինգ Քոուլ․․․

Իսկ հիմա կլսենք Նաթ Քինգ Քոլի ամենահայտնի երգերից մեկը՝ Unforgettable – «Անմոռանալի» կամ «Անմոռանալին»։ Բայց ոչ թե էն հիմնական կատարումը, որով երգը շռնդալից հաջողություն ունեցավ 50-ականների սկզբին, այլ դրա երկրորդ տարբերակը, արված մեր օրերում, որը շատ համարձակ էքսպերիմենտ էր ու ի պատիվ ամերիկացի հնչունային ռեժիսորների՝ ստացվեց փայլուն կերպով։ Բանն էն է, որ երկրորդ տարբերակում երգը երգում են ինքը՝ Նաթ Քինգ Քոլն ու նրա դուստրը՝ հայտնի ջազային երգչուհի Նաթալի Քոուլը։ Պատկերացրեք, կյանքում նրանք միասին չեն երգել, չէին էլ կարող՝ երգչուհին էն ժամանակ ընդամենը 14 տարեկան էր։ Հոր մահից տասնամյակներ անց տաղանդավոր մարդիկ երգն էնպես են ձայնագրել, որ հայր ու աղջիկ կատարեն այն միասին։ Սա իսկական կախարդանք է, նմանն ու նախադեպը չունեցող կատարում, որը պարզապես չի կարող չհուզել ու չհիացնել․․․

Նաթ Քինգ Քոլը մահացավ 45 տարեկանում։ Նա մոլի սիգար ծխող էր ու մի օր, երբ ընկերները պնդեցին, որ արագ նիհարում է ու պիտի գնա բժշկի՝ ռենտգենյան հետազոտությունը ցույց տվեց նրա ձախ թոքի վրա գերզարգացած քաղցկեղ, արդեն էն վիճակում, որ էլ բուժում չկար․․․բեմի արքային մնացել էր ապրելու ընդամենը մի քանի ամիս։ Նրան հորդորում էին դադարել ելույթներ ունենալն ու ձայնագրվելը, բայց Նաթ Քինգ Քոուլն արքայավարի հրաժարվեց նման կյանքից ու մինչև վերջ հավատարիմ մնաց իր ստեղծագործական ոգուն՝ շարունակեց արարել ու դա արեց մինչև հնարավոր վերջին րոպեն։

Նա ամերիկյան բեմի թագավորն էր, ազգային հերոս ու ազգի հպարտություն և մինչ օրս էլ մնացել է անգերազանցելի ու իր երգի վերնագրի պես․․․իհարկե․․․ Անմոռանալի։

Քրիստ Մանարյան

Ցուցադրել ավելի
Back to top button