Հայրիկի դասերը

Երբևէ տգեղ խոսքեր ասելը խրախուսելի չէ. Հայրիկի դասերը

Մենք խոսում ենք շատ տարբեր բաներից, բայց հիմնականում՝ մեր պատասխանատվությունից` մեր ընտանիքի անդամների ու հատկապես՝ փոքրիկների նկատմամբ։

Ինչի՞ց ենք էսօր խոսելու։ Խոսելու ենք մեր լեզվի մաքրությունից։ Բայց ինձ սխալ չհասկանաք՝ հայերենի դասեր չեմ տալու, քավ լիցի։ Ուղղակի նկատել եմ, որ վերջերս, վերջին մի քանի տարիների ընթացքում, շատերի խոսքի մեջ սկսել են գերակշռել բավականին կասկածելի ու նաև՝ անընդունելի արտահայտություններ, անգամ՝ հայհոյանք։Հատկապես համացանցում՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր խոսքում։

Սա իհարկե շատ վատ միտում է․ երբևէ ես չեմ լսել էնքան տգեղ ու դատպարտելի խոսքեր, արտահայտություններ, որքան հիմա եմ լսում ու կարդում։

Ի դեպ, կարող է մարդն իսկապես ասելիք ունենա, հետաքրքիր մտքեր, առաջարկներ, բանաձևեր, սակայն էդ ամենն ասես միանգամից արժեզրկվում է, երբ հասկանում ես, որ նրա բառապաշարն ու բառամթերքն անընդունելի են։ 

Երբևէ տգեղ խոսքեր ասելը, հայհոյելը, վիրավորական արտահայտություններ անելը՝ սրա նրա հասցեին խրախուսելի չի եղել, ոչ մի հասարակությունում դա աընդունված չի եղել ու չէր էլ կարող լինել։

Բայց մեր ժամանակներում, ու հատկապես համացանցի տիրությում, անպատժելիության պատճառով շատացել են նրանք, ովքեր թույլ են տալիս իրենց արտահայտվել էնպես, ինչպես կարտահայտվեն փեղոցում․․․

Դե լավ, մենք չափահաս մարդիկ ենք, կասեք, դե հեռու մնացեք նման լեզվամտածողություն ունեցողներից, ինչու՞ եք բողոքում, չեք ուզում՝ մի լսեք, ո՞վ է պարտադրողը, ձեր ձեռքը չի՞։

Հա, իհարկե, հենց էդպես էլ անում եմ, հենց էդպես էլ անում են շատ շատերը, հեծանիվ չհնարենք, եթե մի բան  քոնը չի՝ հեռու պիտի մնաս դրանից։

Լավ, դա մենք, բա փոքրերը՞․․․ախր նրանք առավոտից երեկո համացանցում են, նրանք գլուխները ժամերով չեն հանում հեռախոսներից։ Բա որպես ծնող չիմանա՞նք, թե ո՞ւմ են լսում, ի՞նչ են լսում, ի՞նչ են սովորում սրանից-նրանից։ Այ սա է իմ անհանգստությունը․․․ու դա իմ մեծ անհանգստությունն է․․․

Ժամանակները փոխվել են՝ հիմա կոպիտ խոսքեր հնչեցնելը դարձել է գրեթե սովորական, ո՞ր մեկին դիտողություն անես, ո՞ր մեկի հետևից հասնես․․․

Էլ չասեմ իրար կոպիտ խոսքեր ասելը․ դրանք անգամ անհասցե հնչեցնելը մեզ համար միշտ եղել է անընդունելի, հատկապես՝ կանանց ու երեխաների ներկայությամբ։ Բայց գնալով էդ ամենը դառնում է ասես սովորական։Հիմա աշխարհի հանդեպ բաց ենք, հիմնականում՝ էդ նույն համացանցի չակերտավոր թեթև ձեռքով ու մարդու ականջը սովորում է․․․ սկզբից ընդվզում ես, հետո ասես հաշտվում ես, ի՞նչ պիտի անես․․․

Ասեմ ինչ պիտի անես՝ պիտի որպես ծնող հնարավորինս հսկես հատկապես փոքրիկների լսածն ու տեսածը, կամ գոնե՝ հասկացնես նրանց, որ տգեղ խոսքը սովորական չպիտի դառնա։ Մենք, հայերս, զգացմունքային ենք, տաքարյուն ենք, մի բան մեզ դուր չեկավ՝ կարող ենք նաև կոպիտ արտահայտվել։ Բայց մենք միշտ ենք տաքարյուն ու էմոցիոնալ եղել, էնպես որ դա արդարացում չէ։ 

Որքան էլ խելացի մտքեր արտահայտես՝ դրանք արժեզրկում ես անընդունելի բառապաշար օգտագործելիս, որքան էլ զգացմունքային լինես՝ պիտի կներեք արտահայտությանս՝ լեզվիդ տիրություն անես։

Կիրթ, կշռադատված, գեղեցիկ խոսքը միտ էլ իր արժեքն ունեցել է և ունի հատկապես մեր օրերում։

Էլ չասեմ, որ հայրիկը, ընտանիքի հայրը,   բարոյական իրավունք չունի հասարակ ու գռեհիկ բառապաշարով արտահայտվելու։ Լսողը միանգամից սկսում է մտածել, որ դիմացինը ընտանեկան բավարար դաստիարակություն չի ստացել, ուրեմն նույն կերպ է դաստիարակում իր երեխաներին։ Ու նա, իհարկե, իրավունք ունի էդպես մտածելու և իրավացի կլինի․․․

Քրիստ Մանարյան

Ցուցադրել ավելի
Back to top button