Զարթուցիչ

Ինչպիսի՞ն էին հայկական դպրոցները հնում. զարմանալի փաստեր, որ կհետաքրքրի շատերիս

Մենք հայերս այն սակավաթիվ ազգերից ենք, որ ունեցել ենք գրի աստված՝ Տիր անունով: Ամսանունների շարքում նույնպես հիշատակվել է «Տրե»անունը: Սա հուշում է, որ մեր ժողովուրդը իր պատմության խորքերում էլ գնահատում էր գիտության ուժը:


Եվ այսպես, առաջին դպրոցները հիմնվել են հին Արևելքի երկրներում, իսկ հայալեզու դպրոցներ հիմնվել են սկսած չորրորդ դարից՝ գրերի գյուտից հետո: 5-րդ դարի հայոց դպրոցներում ուսուցանում էին հայոց լեզու և քերականություն, ինչպես նաև ճարտասանություն: Ի դեպ, ճարտասանության մասին Կորյունը վկայում է, որ հայերին դեռ վաղուց ծանոթ առարկա է եղել, և որ Մեսրոպ Մաշտոցի աշակերտները «պարզախոս հռետորությամբ կրթում էին և աստվածատուր իմաստությամբ լցնում աշակերտնեի միտքը»:


Կզարմանա՞ք, եթե ասենք, որ 5-րդ դարի հայկական դպրոցներում ամենասիրված առարկաներից է եղել երաժշտությունը: Խորենացին վկայում է, որ դեռ Մեսրոպյան, հայագիր դպրոցներում ընտրում էին «փափկաձայն և երկարոգիս, երկարաշունչ» աշակերտներ երգեցողության ուսուցման համար:


5-6-րդ դարերի հայոց դպրոցներում բացի վերոհիշյալ առարկաներից ուսուցանում էին նաև հաշիվ-համարողություն, կամ ինչպես մենք ենք ասում՝թվաբանություն, պատմություն և հունարեն կամ պարսկերեն լեզուներ: Պարզվում է, որ դեռ հնում էլ օտար լեզուների դասավանդումն ընդունված էր: Իսկ 7-րդ դարի գիտնական Անանիա Շիրակացին իր դպրոցում սովորեցնում էր թվաբանություն, երկրաչափություն,աստղաբաշխություն-տիեզերագիտություն, տոմարագիտություն և այլ առարկաներ: Այս գիտությունների վերաբերյալ նա գրեց գրքեր ու դասագրքեր, որոնց մի մասը բարեբախտաբար հասել է մեզ:

Ի դեպ, այն ժամանակ նստարաններ չկային և աշակերտները նստում էին գետնին ծալապատիկ կամ ծնկաչոք: Այդ մասին են վկայում մանրանկարները: Նրանք այսպես շրջապատում էին ուսուցչին, իսկ ուսուցիչն էլ նստում էր բարձր աթոռակին:


Պարզ է, որ 5-րդ դարի դպրոցում գրատախտակ ու տետր լինել չէր կարող: Աշակերտները գրում էին տախտակին, որը պնակիտ էր կոչվում: Շնորհալու ժամանակ աշակերտները պնակիտը կախում էին իրենց վզից և հպարտանում էին դրանով:

Ցուցադրել ավելի
Back to top button