Դժվար է գտնել մի մարդու, որին ծանոթ չեն Samsung-ի գաջեթները: Եվ այնուամենայնիվ, ինչի՞ հետ եք ասոցացնում այս անունը: Չորացրած ձկա՞ն, կարի արտադրամասի՞, շինարարությա՞ն, սկանդալների՞, ռոբոտների՞: Եթե ոչ, ապա ձեզ կհետաքրքրի այս ընկերության պատմությունը:
Սամսունգն ամեն տարի CES ցուցահանդեսին ներկայանում է իր ռոբոտներով, որից հետո դրանց մասին խոսում է ամբողջ աշխարհը: Ընկերությունը հետազոտություններ է իրականացնում արհեստական բանականության ոլորտում, փորձարկում է անօդաչու սարքեր, նախագծում է ոչ միայն խելացի տեխնիկա, այլ նաև խելացի կահույք, ստեղծում է արհեստական մարդ, բայց … սա դեռ ամենը չէ:
Ասում են, որ անվերջ նորարարությունը բառացիորեն հոսում է այս ընկերության երակներում։ Հենց իր ռազմավարական որոշումների շնորհիվ է, որ Սամսունգը գոյատևեց նույնիսկ այն ժամանակներում, երբ շատերն այս դաշտում կործանվեցին։
Ռադիոլաբի այս թողարկմանը լսե՛ք 2020 թվականի դրությամբ աշխարհում իր բրենդի արժողությամբ 8-րդ տեղում գտնվող ընկերության ողջ պատմությունն ու ծանոթացեք Սամսունգի ամենահետաքրքիր տեխնոլոգիական արտադրանքներին։
Սամսունգ՝ կորեերեն «երեք աստղ»։ Ընկերությունը հիմնադրել է Լի Բյոն Չհոլը՝ 1938 թվականի մարտի 1-ին: Սկզբում այն գործել է որպես մթերային խանութ: Ի տարբերություն շատ այլ հաջողության պատմությունների, մենք չենք ասի որ ընկերության հիմնադիրը աղքատ ընտանիքի հասարակ մի տղա էր: Ոչ, նա մեծահարուստ հողատիրոջ ընտանիքից էր և ուներ այն ժամանակվա համար փայլուն կրթություն ու մեծ կապեր: Լին իր ժառանգությունը ներդրեց գործի մեջ՝ զբաղվելով չորացրած ձկան, լապշաների ու տեղական արտադրության այլ ապրանքների վաճառքով և դրանց արտահանմամբ, հիմնականում դեպի Չինաստան: Բիզնեսը արագ տեմպերով ծաղկում էր մինչև Կորեական պատերազմը, որը քիչ էր մնում կործաներ Լիի բոլոր ծրագրերը: Բայց նա կարողացավ ճիշտ ժամանակին վերակազմակերպել իր բիզնեսն ու սկսեց շաքարի արտադրություն, այնուհետև բացելով Կորեայի ամենամեծ բրդի գործարանը անցավ տեքստիլ ոլորտ: Այս ամենն իհարկե իշխանության ամենաբարձր աջակցության շնորհիվ: Երկրի տնտեսությունը վերականգնելու նպատակով Կորեայի կառավարությունը որոշում ընդունեց օգնել տեղական խոշոր ընկերություններին: Ի դեպ, այդ տարիներին 25 ընկերությունների ցանկում հայտնվեց ոչ միայն Սամսունգը, այլ նաև Hyundai-ն: Նրանք ստացան ֆինանսավորում և պաշտպանություն մրցակցությունից: Ընկերությունը զարգանում ու հարստանում էր:
50-ից 60ական թվականներին Սամսունգը ձեռք է բերում Կորեայում գործող 3 խոշորագույն առևտրային բանկ, մի քանի ապահովագրական ընկերություն, ցեմենտի և պարարտանյութերի արտադրություն, նավթավերամշակման գործարան և հանրախանութ: Եվ վերջապես 1969 թվականին Լի Բյոն Չհոլը մուտք է գործում էլեկտրոնիկայի շուկա՝ ստեղծելով Samsung Electronics-ը, որը դառնում է 70-ականներին Samsung Group-ի սնկի պես աճող բազմաթիվ դուստր ձեռնարկություններից մեկը:
Չնայած տեխնոլոգիական ռեսուրսների անբավարարությանը, որով Սամսունգն անգամ տեղական մրցակիցներին էր զիջում, ընկերությունը հետևողականորեն բարելավում էր իր դիրքեր՝ համագործակցելով ճապոնական այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսին է օրինակ Sanyo-ն: Դա հսկայական բացասական արձագանք առաջացրեց ինչպես ժողովրդի շրջանում, ովքեր դեռ հիշում էին այն ժամանակները, երբ Կորեան ճապոնական գաղութ էր, այնպես էլ մրցակիցների մոտ, որոնք անհանգստացած էին ենթակառուցվածքների ճապոնացիների ուղիղ ենթակայության տակ անցնելու առիթով:
70-ականների վերջին և 80-ականների սկզբին Սամսունգի տեխնոլոգիական բիզնեսն աճում ու ընդլայնվում էր: Ստեղծվեցին նոր ստորաբաժանումներ, ներառյալ Samsung data systems-ը, ինչպես նաև 2 գիտահետազոտական ինստիտուտ, որոնք ընդարձակեցին ընկերության տեխնոլոգիական սահմանները դեպի էլեկտրոնիկա, կիսահաղորդիչներ, բարձր պոլիմերային քիմիական նյութեր, գենետիկական ճարտարագիտության գործիքներ, հեռահաղորդակցություն, ավիատիեզերական արդյունաբերություն և նանոտեխնոլոգիա:
1984-ին Սամսունգը հայտարարեց 64 կիլոբայթ DRAM հիշողության գործարկման մասին: Այս գյուտի շնորհիվ կրճատվեց աշխարհի հզորագույն ընկերություններից հետ մնալու հեռավորությունը՝ 10-ից հասցնելով մինչև 4 տարի:
1988 թվականին Սամսունգ էլեկտրոնիքսը Հարավային Կորեայի շուկա է թողարկում իր առաջին բջջային հեռախոսը: Վաճառքի ցուցանիշն այնքան ցածր էր, որ ընկերությունը ցանկանում էր հրաժարվել այդ ուղղությունից: 90ականների սկզբին ներքին շուկայում ընկերության մասնաբաժինը հազիվ հասնում էր 10%-ի, այն դեպքում, երբ օրինակ Motorola-ն ուներ 60% մասնաբաժին: Պատճառը պարզ էր: Ընկերության հեռախոսները սարսափելի անորակ էին: Նույնիսկ մի այսպիսի կորպորատիվ լեգենդ է պտտվում: Երբ ընկերության ղեկավարումը ստանձնած Լի Կունհին՝ Սամսունգի հիմնադրի տղան, իմանում է, որ 1995-ին թողարկված նոր մոդելի առաջին հեռախոսը լրիվ նոր վիճակում, տուփից դեռ չհանած չի աշխատում, գալիս է արտադրամաս ու վառում է հեռախոսի բոլոր պաշարները՝ շուրջ 150 հազար օրինակ: Այնուամենայնիվ, ընկերությունն իրեն շատ վստահ էր զգում ներքին շուկայում, հիմնականում այն բանի շնորհիվ, որ շինարարության ու նավաշինության ստորաբաժանումների եկամուտները ծածկում էին էլեկտրոնիկայի բաժնի ծախսերն ու վնասները:
Կորպորացիայի նոր ղեկավար Լի Կունհին շատ լավ հասկանում էր Սամսունգի էլեկտրոնիկայի շուկայում մրցակցությանն անպատրաստ լինելը ու ժողով է հրավիրում, որտեղ ընկերության աշխատակիցներին հորդորում է բառացիորեն փոխել ամեն ինչ, բացառությամբ սեփական կանանցից ու երեխաներից: Այսուհետ ընկերություն ներմուծվեց կառավարման նոր հայեցակարգ, ըստ որի ենթակաները պարտավոր էին մատնանշել առկա սխալներն իրենց վերադասին: Շեշտը դրվեց ոչ թե քանակի, այլ որակի վրա: Մարտահրավեր նետվեց բյուրոկրատիային, կանայք էլ կարիերայի առաջխաղացման ավելի մեծ հնարավորություն ստացան։ Նոր ռազմավարությունն ընկերությանն օգնեց մուտք գործել համաշխարհային շուկա: Սակայն ընկերությունը հայտնվեց սկանդալների ալիքի տակ:
Առհասարակ, Սամսունգի տարբեր տարիների սեփականատերերի պահարաններում շատ կմախքներ կան. հարկերը թաքցնելու մեղադրանքներից մինչև կորպորատիվ դավադրություններ ու կաշառք:
Այսպես, 2018-ին Apple ընկերությանը հաջողվեց դատարանում ապացուցել, որ Սամսունգն առնվազն 3 դիզայն-արտոնագիր է խախտել: Խոսքը մասնավորապես կլորավուն եզրերով պաշտպանիչ շրջանակի ու էկրանի վրայի պատկերանշանների դասավորվածության մասին էր: Բայց այս ամենն իհարկե չէր խանգարում ընկերությանն առաջ շարժվել և փոխել ռազմավարությունը։
Սամսունգը հրաժարվում է քիչ պահանջարկ ունեցող ապրանքներից ու կենտրոնանում էլեկտրոնիկայի սեփական դետալների նախագծման ու արտադրության վրա, ձեռք է բերում անհրաժեշտ տեխնոլոգիաների տիրապետող այլ ձեռնարկություններ։ 90-ականների վերջին Սամսունգը մեծ հաջողություն է գրանցում հեռուստացույցների արտադրության ոլորտում։ 1998-ին հենց Սամսունգն է ստեղծում աշխարհում առաջին սերիական թվային հեռուստացույցը։
Իրականում, Սամսունգի ծնունդը կամ վերածնունդը կարող ենք համարել 2000ական թվականները, երբ հայտնվեցին Galaxy սմարթֆոնները։ Հեռախոսները ոչ միայն ընկերության ամենահայտնի ապրանքանիշը դարձան, այլև գրավեցին սմարթֆոնների շուկան․ դրանք ամենավաճառվողն էին։ Սամսունգը նույնիսկ iPhone-ի առաջին մոդելների միկրոպրոցեսորների մատակարարն էր և ընդհանրապես, միկրոպրոցեսորներ արտադրող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը։ 2005-ին Սամսունգ էլեկտրոնիքսն առաջին անգամ գերազանցեց իր ճապանոկան մրցակին՝ Sony-ին և սպառողական ապրանքների հայտնիությամբ ու մեծությամբ դարձավ աշխարհում 20-րդը։ 2006-ից համարվում է հեռուստացույցերի ամենից վաճառվող արտադրողը՝ ամբողջ աշխարհում։
Այսօր Սամսունգի սարքերի անհրաժեշտ բաղադրիչների 90 տոկոսն արտադրվում է հենց ընկերության ներսում։ Այն ունի 24 հետազոտական կենտրոն աշխարհի տարբեր երկրներում, որտեղ աշխատում է ընկերության աշխատակիցների ¼-րդը և ուսումնասիրում գործունեության նոր ճյուղեր։
2016-ին ընկերությունը ձեռք է բերում ավտոմեքենաների սարքավորումների նախագծմամբ զբաղվող ամերիկյան Harman International Industries-ը, իսկ մեկ տարի անց Կորեայի տրանսպորտի, հողի և ենթակառուցվածքների նախարարության կողմից ստանում է անօդաչու ավտոմեքենաների տեխնոլոգիաների փորձարկման թույլտվություն։ Հայտարարվում է տեսախցիկով զինված կոնտակտային լինզաների նախագծման մասին։ Ընկերությունը մեծ ուշադրություն է հատկացնում նաև արհեստական բանականությամբ աշխատող տեխնոլոգիաներին։ Այսօր արդեն Սամսունգում աշխատում են հատուկ տեխնոլոգիայի վրա, որը թույլ է տալու սարքերին հավասար մակարդակում շփվելու մարդկանց հետ։
2020 թվականին՝ CES ցուցահանդեսի ժամանակ Սամսունգը ներկայացրեց NEON արհեստական մարդկանց, նոր AR ակնոցն ու Ballie ռոբոտներին։
NEON տեխնոլոգիան իրենից ներկայացնում է «արհեստական մարդ», որը ճշգրտությամբ կրկնում է մարդու վարքագիծը։ Նրանց հետ կարելի է շփվել։ Նեոններից յուրաքանչյուրն ունի առանձնահատուկ սովորություններ ու կարողություններ։
Բեյլի ռոբոտն իրենից ներկայացնում է ոչ շատ մեծ չափսի գունդ՝ զինված ներկառուցված տեսախցիկով։ Նա կարողանում է ինքնուրույն տեղաշարժվել տան մեջ և ըստ անհրաժեշտության փոխգործակցել խելացի տեխնիկայի ու կահույքի հետ։ Օրինակ երբ որևէ բան է թափվում հատակին ռոբոտն ինքնուրույն միացնում է փոշեկուլը, կամ էլ իջեցնում է տան վարագույրները, երբ ձեր քնի ժամն է։ Բեյլիի գործառույթների մեջ է մտնում նաև տան պաշտպանությունը գողերից։
Սամսունգի վերջին նորություններից էր Handy Bot-ը, որը ներկայացվեց 2022-ին ՝ Սպառողական էլեկտրոնիկայի միջազգային CES ցուցահանդեսի ժամանակ։ Այն մի ձեռքով ռոբոտ է, որը կարող է ամաններ լվանալ, լվացք անել, դասավորել հագուստը կամ սպասարկել ձեզ սեղանի շուրջ, երբ ընթրում եք։ Իդեալական տնային աշխատող։
Ահա հենց այսպես, անցնելով երկար ու դժվար ճանապարհ, հաղթահարելով բազում խոչընդոտներ, հայտնելով տարբեր սկանդալների կենտրոնում, ունենալով ձախողումներ, Սամսունգը չորացրած ձուկ վաճառողից դարձավ տեխնոլոգիական մի հսկա, որի ստեղծած ռոբոտն այսօր ցանկության դեպքում կարող է ինքնուրույն ձուկ պատրաստել։