Զարթուցիչ

Թող բարի լինի լույսը բոլորիս համար. Զարթուցիչ

Քանի օր է՝ խաթարվել է բնականոն կրթական գործընթացը Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերում՝ սովորողների անվտանգության ապահովման նպատակով։ Այսօր առաջինը հենց այդ բնակավայրերում ապրող մեր ընկերներին ենք ուզում դիմել, ասել, որ չընկճվեն, ամուր լինեն, իմանան, որ բոլորիս սրտերն իրենց սրտերի հետ են զարկում․․․

Սովորության համաձայն թերթում ենք օրացույցը և պարզում, որ 1254 թվականի այս օրն է ծնվել Մարկո Պոլոն։ 768 տարի առաջ վենետիկցի վաճառականների ընտանիքում ծնված տղան կլիներ մեկը սովորական վաճառականներից, ում այսօր ոչ ոք չի հիշում, եթե չլիներ Չինաստան կատարած նրա հայտնի ուղևորությունը։ Եվ սա էլ չէր հիշվի, եթե Մարկո Պոլոն չորոշեր իր ճամփորդությունն ու այդ ընթացքում հավաքած հարուստ տեղեկությունները գրի առնել և գրել իր հայտնի աշխատությունը՝ «Գիրք աշխարհի բազմազանության մասին» վերնագրով։

Մարկո Պոլոն աշխարհագրագետ չէր, և երկրների աշխարհագրական կոորդինատների մասին թողած նրա տեղեկատվությունը շատ ստույգ չէր։ Այդ պատճառով ըստ նրա գրառումների կազմված քարտեզները ճշգրիտ չէին։ 

Բայց Մարկո Պոլոյի՝ արևելյան ժողովուրդների կենցաղի և մշակույթի մասին թողած հիշողություններն ու դիտարկումներն անգին են։

Իր ուղևորության ընթացքում Մարկո Պոլոն անցել է նաև Հայաստանով և գրառումներ թողել նաև մեր հայրենիքի մասին։ 

«Դա մեծ երկիր է։ Այն սկսվում է Երզնկա անունով քաղաքից, որտեղ գործում են աշխարհի լավագույն գործվածքներն ու գորգերը։ Երզնկան նաև ունի բնական աղբյուրներով բաղնիքներ, որոնք հասանելի են քաղաքով մեկ։

Այս երկրի ժողովուրդը հայերն են։ Հայաստանն իսկապես շատ մեծ երկիր է։ Այն շատ քաղաքներ ու գյուղեր ունի, բայց դրանցից  ամենաշքեղը Երզնկան է, որտեղ գտնվում է արքեպիսկոպոսի նստավայրը։

Հենց այս Հայաստան երկրում լեռան վրա է կանգ առել Նոյի տապանը։ Լեռան գագաթը սառցապատ է, այդ պատճառով էլ ոչ ոք չի կարող բարձրանալ լեռան գագաթը»,–գրել է Մարկո Պոլոն իր գրքում։

Դեդեկտիվ վեպեր սիրու՞մ եք։ Ուրեմն՝ եթե հարցնեմ՝ ու՞մ են անվանում դեդեկտիվ վեպի թագուհի, միանգամից կասեք՝ Ագաթա Քրիստիին։

Այսօր նաև Ագաթա Քրիստիի ծննդյան օրն է։

Ագաթա Քրիստիի ստեղծագործությունները համարվում են Աստվածաշնչից և Շեքսպիրի երկերից հետո մարդկության ողջ պատմության ընթացքում ամենաշատ հրատարակվածները։ Քրիստին նաև ամենաշատ թարգմանված հեղինակներից է։

«Արևելյան ճեպընթացը», «Ռոջեր Էքրոյդի սպանությունը», «Էնդհաուզի առեղծվածը», «Սպանություն գոլֆի խաղադաշտում»։ Սրանք Քրիստիի հայտնի վեպերից մի քանիսն են։ Եվ եթե սիրում եք խորհրդավոր պատմություններ և մեկ–մեկ էլ ձեզ խուզարկու եք երևակայում, հաստատ արժե կարդալ այս գործերը։

Սթարմուս 6–րդ փառատոնն արդեն հիշողություն է։ Հարությունը, որը մասնակցել է փառատոնի բոլոր միջոցառումներին, այսօր փորձում է ի մի բերել իր տպավորությունները: Լսե՛ք հաղորդումը:

Ցուցադրել ավելի
Back to top button