Տեսանյութեր

Պտտի՛ր հրաշքը․ 20-րդ Մանկական Եվրատեսիլը գալիս է Հայաստան

Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հայտնում են, որ 16 երկիր կմասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին։ Այդ երկրներն են Ալբանիան, Իռլանդիան, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը, Հայաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Ղազախստանը, Մալթան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Սերբիան,  Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Վրաստանը, Ֆրանսիան։ Միացյալ Թագավորությունը, որը Ուկրաինայի փոխարեն հյուրընկալելու է «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը, 2005 թվականից ի վեր առաջին անգամ կմասնակցի մրցույթին։

Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն իր 20-րդ պտույտն է կատարում արևի շուրջ։ Շեշտը դնելով փոքրիկներին ուրախություն և զվարճանք բերող այս անվերջ շրջապտույտի վրա՝ Հանրային հեռուստաընկերությունն ընտրել է «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը։

Մրցույթի այս տարվա խորհրդանիշը միջազգայնորեն ճանաչված խաղալիք է՝ հոլը, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին և զարդարված է ազգային նախշերով: Ավանդական փայտե խաղալիքներին տրվել է նեոնային տեսք, որն արտացոլում է ժամանակակից Հայաստանը։

Սահմանային իրավիճակով պայմանավորված` Հանրային հեռուստաընկերությունը հետաձգել էր «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի բրենդինգի հրապարակման օրը:

«Այնուամենայնիվ, մրցույթի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, և ըստ ժամանակացույցի՝ վերջնաժամկետները փոփոխել այլևս հնարավոր չէր: Հուսով ենք, որ «Մանկական Եվրատեսիլի» կազմակերպչական աշխատանքները և բուն մրցույթը կանցկացվեն խաղաղության պայմաններում, և մեզ հնարավորություն կտրվի երեխաներին իրական երաժշտական տոն պարգևել Երևանում» — նշված է Հանրային հեռուստաընկերության հաղորդագրության մեջ:

Անցած տարի Փարիզում «Քամի, քամի» երգով Մալենայի հաղթանակի շնորհիվ Հայաստանն է կազմակերպում 20-րդ «Մանկական Եվրատեսիլը», որի ընթացքում կհնչեն 9-14 տարեկան երիտասարդ արտիստների նոր երգեր։

«Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 11-ին։

Ցուցադրել ավելի
Back to top button