Հայրիկի դասերը

Պատասխանատվություն. Հայրիկի դասերը

Քրիստ հայրիկը նորից Արևիկի եթերում է և նորից ձեզ հրավիրել է զրույցի։

Զրույցը գուցե ոչ էնքան հարմար բառ է մեր հաղորդման ձևաչափի համար, քանզի խոսում եմ ես՝ իսկ դուք լսում եք։ Կարծում եմ, հարցեր կունենայիք, գուցե որոշ մտքերիս հետ էլ չհամաձայնեիք, բայց մեր կապը, առայժմ, միակողմանի է։ Ուզում եմ մխիթարվել էն մտքով, որ փորձում եմ լինել օբյեկտիվ, երբեմն էլ, կանխորոշելով ձեր ասելիքը՝ պատասխանել եթերում չհնչող ձեր հարցերին։

Դժվար է դարձել բոլորիս կյանքը՝ մարտահրավերները շատ են․ Էդ ամենին կա մի պատասխան՝ պիտի լինենք մեր բարձրության վրա։ Էդ բարձրությունն էլ, մեզնից յուրքնաչյուրը, ինքն է իր համար սահմանում, էդպես է․․․

Բայց դե, բոլորս էլ հասկանում ենք, որ բարդ իրավիճակներում առաջին մեր անելիքը գլուխը չկորցնելն է։ Ես նկատի ունեմ ցանկացած խնդիր, պրոբլեմ, բարդություն։

Ամենամեծ խնդրանքս ու կոչս․ մեղավորներ փնտրելով մի տարվեք, դա անպտուղ զբաղմունք է, ցավոք՝ մեր հասարակությանը շատ բնորոշ։ Սա ոչ մի դեպքում չի նշնակում, որ մեղավորներ չկան։  

Բայց տարվել միայն նրանց մատնացույց անելով, իսկ շատ դեպքերում՝ մշուշոտ, անհասցե մեղադրանքներ հնչեցնելով՝ իրավիճակ չես փոխի, ընդամենը կպարպես հոգումդ հավաքված ցասումն ու կսահմանափակվես դրանով, մանավանդ, եթե սովոր ես համացանցում, ռեժիմով, նվնվալու ու բողոքելու։

Ուժեղ մարդիկ գլուխները չեն կորցնում, միշտ տիրապետում են իրավիճակին, հանգիստ են ու սառը դատող, զգում են պատասխանատվություն ոչ միայն իրենց հարազատների ու ընտանիքի անդամների համար, այլ նաև՝ շրջապատի, երկրի, ժողովրդի, պետության համար։ Բայց սխալական ենք բոլորս, քննադատելը հեշտ է, սեփական սխաներն ընդունելը՝ շատ ավելի բարդ։

Հիմա քիչ ավելի կոնկրետանամ․ ուզում եմ խոսել մի տարածված երևույթի մասին, որն անձամբ ինձ շատ է մտահոգում, և հաստատ՝ ոչ միայն ինձ։

Որերորդն անգամն է, մեքենայիս քսվելով, մեծ արագությամբ կողքովս անցնում են դեռահասներ, իրենց անհասկանալի, անբացատրելի տրանսպորտային միջոցներով, ոչ էն է՝ հեծանիվ, ոչ էն է՝ ինքնագլոր, նույնիսկ ստույգ չգիտեմ, թե դրանք ինչպես են կոչվում, որովհետև շատ են, բազմապիսի ու բոլորն էլ հավասարապես վտանգավոր։

Սիրելի սառը դատող, ինքնատիրապետումը չկորցնող, ամեն առիթով ֆեյսբուքներում լայն քննարկում-հոգեանալիզներ անցկացնող ավագներ, երբեմն թվում է՝ ամեն ինչից տեղյակ եք, բացի ձեր սեփական զավակի գտնվելու վայրից ու զբաղմունքից։

Ինչո՞ւ ձեր բալիկները ինքնագլոր կամ չգիտեմ ինչ քշելիս սաղավարտ չեն կրում, կարո՞ղ եք ասել։ Ախր դա շատ կարևոր է, պարտադիր է, դա փրկում է առողջություն ու կյանքեր։ Ձեզնից թաքո՞ւն են դա անում՝ ուրեմն նեղություն քաշեք, մի քիչ ավելի լավ հսկեք փոքրերին։ Հիմա կասեք՝ էնքան էլ փոքր չեն․․․բա  որ էնքան էլ փոքր չեն՝ ինչո՞ւ չեն գիտակցում, որ մեքենաներին քսվելով  փողոցներով սլանալ չի կարելի, էն էլ՝ կարմիր լույսի տակ․․․ես լսածս կամ կարդացածս չեմ ասում, հարգելի ծնողներ, ես ասում եմ ինձ հետ պատահածը։

Մոտ 12 տարեկան աղջիկ երեխան, հերարձակ, վտանգավոր համարձակությամբ համակված, մեծ արագությամբ կտրելով փողոցը, ուղղակի սլացավ իր կարմիրի տակ, մեքենայիս առջևով։ Ու եթե Քրիստ քեռին ուշադիր չլիներ՝ հայտնի չէ, թե ինչո՞վ կավարտվեր էդ ամենը․․․

Սիրելի ծնողներ, տեղյա՞կ եք, որ մեր հիվանդանոցներում տասնյակներով մարդիկ կան, ովքեր տուժել են նման իրվիճակների արդյունքում։  Պարզ է, որ առավել տուժում է նա, ով ավելի մեծ արագություն է զարգացրել․․․եթե բախվում եք հետիոտնի ձեր ինքնագլորով, իհարկե նա էլ կտուժի, անխոս։ Բայց ձեր իներցիան ձեզ ավելի մեծ վնաս կտա, ձեր իսկ մեղքով։ Եվ նաև պարզ է, չէ՞, թե մեքենայի հետ բախման դեպքում ո՞վ ավելի անմխիթար վիճակում կհայտնվի ․․․

Պարզ է, որ ժամանակը բերում է իր հրամայականները, պարզ է, նաև, որ ձեռներեց ինչ որ մարդիկ մեծ գումարներ են աշխատում, լցնելով մեր երկիրը ինքնագլորներով ու շարժական այլ անվավոր մեխանիզմներով։ Օրենք չեն խախտում, բիզնես են անում, իրենք չանեն՝ ուրիշներն են անելու, միանշանակ։

Նախկինում հեծանվի ու հեծանվատիպ ինքնաշարժերի մշակույթ մեր երկրում առանձնապես չի եղել։ Հեծանիվը եղել է փոքրերինն ու պատանիներինը, էդ պատճառով էլ մեր փողոցներն ու մայթերը դրանց հարմարեցված չեն։ Հիմա կանգնել ենք խնդրի առաջ։

Բայց չէ՞ որ չլուծվող խնդիրներ չկան․․․ուղղակի սրտացավություն է պետք ունենալ, պետք է սեփական երեխայից զատ սիրել նաև ուրիշների երեխաներին, ուղղակի համաքաղաքացիներին, մարդկանց։

Սիրելի ծնողներ, ձեզ հետաքքրքիր չի՞, թե ոնց է ձեր երեխան քշում էդ տրանսպորտային միջոցները։ Չասեք, որ տեղյակ չեք, անգամ եթե երբևէ չեք տեսել նրան նման փոխադրամիջոցի ղեկին, հաստատ, պիտի որ մտքներովդ անցնի՝ ախր բոլորը քշում են, բա իմ երեխան չի՞ ուզի անել․․․իսկ ուզելուց հետո ո՞նց կանի դա․․․վտանգավոր ոչինչ չկա՞ դրանում, գուցե հետաքրքրվեմ, իմանամ, իմ աչքով տեսնեմ․․․ու ընդհանրապես ճշտեմ, թե ում հետ է ընկերություն անում, ո՞նց են ժամանակն անցկացնում․․․   

Ժամանակակից աշխարհն էնպիսին է դարձել, որ հեռացնում է մարդկանց իրարից, համացանցը, իրականում, մեզ ավելի բաժաանում քան միավորում։ Ու եթե համատարած խորթացման մեջ կյանքը դեռ լավ չճանաչող երիտասարդ հոգին իրական շփման ոլորտում գտնում է հարազատ, կամ շատ դեպքերում՝ թվացյալ հարազատ հոգի՝ անպայման կկառչի նրանից, կուզենա ընդօրինակել վերջինիս վարքագիծը, ապրելակերպը, ինքնադրսևորման ձևերը․․․  եթե նրա հավանած ընկերը ճարպկությամբ ինքնագլոր է քշում, մի քիչ է խախտելով երթևեկության օրենքները, նա, ախր, ձեր երեխայի աչքում հերոս է․․․․

Իսկ ո՞վ ասաց, որ ձեր երեխան չի ցանկանա գերազանցել իր հերոսին, ավելի հերոս երևալու համար, ինքնահաստատվելու համար․․․էլ չասեմ, որ շատ ավելի վտանգավոր, անթույլատրելի ձևերով են քշում մեծահասակները, ասենք՝ սննդի առաքիչները։ Համարանիշ չկա՝ պատասխանատվություն էլ չկա։

Քանի՜ անգամ եմ տեսել, թե ինչ անթույլատրելի, դատապարտելի օրինզանցություններ են անում մեծահասակները, ստեղծելով վթարային իրավիճակներ։ Իմ տարիքի մարդը Սարյան-Մաշտոց խաչմերուկում, Սարյանից մտնում է ձախ, պողոտա, կարմիրի տակ։ Նա, կներեք արտահայտությանս՝ թքած ունի, որ իր՝ կարգազանցի դեմքը տեսնում են հարյուրավոր մարդիկ, կարևորը՝ համար չունի, չեն տուգանի, նա ժամանակավոր, կամ գուցե նույնիսկ վերջնական մոռացել է ամոթի զգացումը, էականն էն է, որ գրպանին չեն դիպչելու, չեն տուգանելու։

Եվ էդ ո՞վ կարող է ինձ հավատացնել, համոզել, որ տեսածս խախտումը էդ մարդու կյանքում միակն էր, էն էլ՝ հենց իմ ներկայությամբ, դրանից հետո նա էլ երբևէ կարգ չի խախտելու․․․

Իսկ երիտասարդները, դեռահասները նայում ու համոզված եղեք՝ ընդօրինակում են․ վատ օրինակը վարակիչ է, դա աքսիոմա է, չասեք, որ էդպես չէ։

Հարգելի ծնողներ, չեմ թանձրացնում գույները, էստեղ արդեն հաստատ ձեր մտածելու ու գործելու հերթն է, ավեի աչալուրջ եղեք, ձեր իսկ երեխաների սիրույն, ռեալ կյանքը դեռ տարբերվում է վիրտուալից։

Լավ եղեք, կհանդիպենք։

Քրիստ Մանարյան

Ցուցադրել ավելի
Back to top button