Մայրիկի դպրոց

Ինքնուրույն դառնալու ճանապարհին. Մայրիկի դպրոց

Մեր հյուրի՝ հոգեբան Լուսինե Աղաբեկյանի հետ քննարկում ենք այն հարցը, թե ինչպես կարելի է առաջին դասարանցիներին աջակցել ուսումնական գործընթացում, որն է այդտեղ ծնողի դերակատարումը և ինչպես կարելի է նպաստել երեխաների ինքնուրույն դառնալուն։

Լ․ Աղաբեկյան — Երբեմն, փորձելով օգնել երեխային, մենք՝ ծնողներս, ավելի շատ սկսում ենք խանգարել, որովհետև, ցավոք սրտի, շատ հաճախ օգնելը հասկանում ենք երեխայի փոխարեն իր գործն անելու ձևով։ Եվ որքան հաճախ է լինում, որ մենք երեխայի փոխարեն սկսում ենք հետաքրքրվել, թե իր տնային աշխատանքը որն է, երեխայի փոխարեն ուսուցչի հետ ենք խոսում, մենք ենք ուսուցչին զգուշացնում, որ այսօր երեխան պատրաստ չէ և, իհարկե, երեխայի փոխարեն երբեմն տնային հանձնարարություններն ենք անում։

Եթե փորձենք այս ամենին մի փոքր վերևից նայել, կուզենայի հարցնել, թե այս դեպքում ի՞նչ հաղորդագրություն ենք մենք տալիս երեխային, որովհետև մեր, որպես ծնողի, ցանկացած արձագանք, իր մեջ ինչ-որ հաղորդագրություն է պարունակում՝ ուղղված երեխային։ Այս դեպքում երեխան հասկանում է, որ ինքն անօգնական, թույլ, ոչ ինքնուրույն մեկն է, որի փոխարեն ծնողը պետք է անընդհատ ինչ-որ բաներ անի։ Կարծում եմ, որ մենք կուզենայինք հակառակ հաղորդագրությունը տալ երեխային, ու երևի թե բոլորս էլ կուզեինք, որ մեր երեխան զգար, որ ինքը ինքնուրույն է և կարող է որոշ հարցերում ինքն իր վրա վերցնել պատասխանատվություն և կայացնել որոշումներ։ Այս տեսանկյունից շատ կարևոր է, որ այդ հնարավորությունը տանք երեխային։ Օրինակ՝ թողնենք ի՛ր վրա պատասխանատվությունը հիշելու, թե ինչ դաս է հանձնարարվել, եթե երեխան ինչ-որ պատճառով պատրաստ չէ, թույլ տանք իրեն, որ ինքը մոտենա, ուսուցչի հետ խոսի և ինքը դրա արձագանքը լսի և պատրաստ չլինելու հետևանքը կրի և, ինչու ոչ, նաև սովորի ուսուցչի հետ հաղորդակցվել իր համար մի փոքր դժվար իրավիճակում։

Ցուցադրել ավելի
Back to top button