Հիթ 1

Խանդ — Jealousy. Հիթ 1

Բարև, սիրելի երաժշտասերներ: Մենք էսօր խոսելու ենք խանդից։ Մի քիչ անսպասելի էր, չէ՞․․․բայց էս զգացմանը նվիրված մի քանի հրաշալի երաժշտական ստեղծագործություններ կան ռոքի ու փոփի աշխարհում, որոնց հաստատ արժե անդրադառնալ։

Գիտեք՝ մարդիկ ինչի մասին ասես երգեր ու գործիքային ստեղծագործություններ են գրում, բայց ամենատարածված թեման ինչպես եղել է, էնպես էլ մնում է սերը, դա՝ անխոս։ Դե եթե սեր կա, բնականաբար, խանդ էլ կլինի։ Չգիտեմ, չգիտեմ․․․

Խանդի զգացումն արարող չէ, այն ավելի շուտ քանդող, կործանող է մարդու հոգին։ Բայց արի ու տես, որ գեղարվեստորեն դրան անդրադառնալիս՝ էլի բարձրարժեք երգեր են ծնվում։

Իսկական արվեստագետը պիտի մինչև վերջ անկեղծ լինի, այլապես նրա արածն իրենից արժեք ներկայացնել չի կարող, գուցե լինի սիրուն, բայց իրականության հետ առնչություն չունեցող։  

Եթե ինչ որ մեկը խանդը դարձրել է ստեղծագործելու թեմա, ուրեմն այն տեղ գտել է արվեստագետի հոգում․ հարգանքներս նրանց, ովքեր անկեղծ են իրենք իրենց հետ ու նաև՝ հանդիսականի։

Էվ էսպես, ներկայացնեմ մի հիանալի տանգո, վաղուց ծանոթ աշխարհին, որը հենց էդպես էլ կոչվում է՝ Jealousy, այսինքն խանդ։ Թվում է, թե նման վերնագրով ու զգացմունքայնության գերագույն պոռթկումով գրված գործիքային ստեղծագործությունը պիտի որ պատկաներ հարավի բնակչի, ասենք՝ իտալացու, իսպանացու, պորտուգալացու, գուցե ֆրանսիացու․․․ մինչդեռ, պատկերացրեք՝ տանգոյի հեղինակը դանիացի է՝ հանրահայտ ջութակահար ու նվագախմբավար Jacob կամ Յակոբ Gade-ը, համենայն դեպս էդպես է հնչում նրա անունը անգլախոս աշխարհում՝ Jacob Thune Hansen Gade։

Իսկ ստեղծագործությունն ունի նաև երկրորդ վերնագիր՝ «Գնչուական տանգո»։ Ջաքոբ Գեյդը տարօրինակ ու չտեսնված տաղանդավոր մարդ էր։ Մանուկ հասակում պապի ու հոր հետ գնում էր նվագելու տարբեր գյուղերում, ամենատարբեր առիթներով։ Նվագում էր շեփոր, հետո որոշեց ջութակ նվագել։ Հետո գնաց մայրաքաղաք՝ Կոպենհագեն, ուր հեշտ կյանք չէր վարում ու հաճախ ստիպված էր լինում քնել դրսերում, շենքերի շքամուտքերի աստիճաններին։ Հետո տեղափոխվեց Ամերիկա, բայց նորից վերադարձավ հարազատ Դանիա։ Նա էնքան համառ էր, որ ի վերջո ունեցավ իր նվագախումբն ու դարձավ համաշխարհային համբավի տեր, իսկ նրա գրած «Գնչուական տանգոն», նույն ինքը՝ Jealousy-ն, նույն ինքը՝ «Խանդը» դարձավ համաշխարհային հիթ, ես կասեի հիթերի հիթը։ Երբևէ լսե՞լ եք որևէ երաժշտական ստեղծագործություն, որն էսպես թե էնպես հնչի աշխարհի ռադիոներից որևէ մեկով, րոպեն մեկ հաճախականությամբ։ Այսինքն՝ հնչի աշխարհով մեկ, երկար շաբաթներ, փաստորեն առանց ընդհատվելու։ Հետագայում գրվեցին բառեր, մի քանի լեզուներով, տանգոն դարձավ երգ, այն երգել են շատերը, այդ թվում՝ Պլասիդո Դոմինգոն և Ադրիանո Չելենտանոն։

Դանիան, Ջաքոբ Գեյդի շնորհիվ իր արժանի տեղը գտավ երաժշտության համաշխարհային քարտեզում։ Նա Դանիայի համար երաժշտության ասպարեզում արեց նույնը, ինչ արեց Հանս Քրիստիան Անդերսենը գրականության մեջ։

Չչարաշահեմ ձեր համբերությունը, լսենք հեռավոր 1925 թվականին գրված ու մինչև հիմա սրտեր բորբոքող ստեղծագործությունը, որը կատարել ու կատարում են աշխարհի շատ ու շատ նվագախմբեր։  

Եվս մի շատ գեղեցիկ երգ խանդի մասին, նույնպիսի վերնագրով՝ Jealousy։ Այն կատարել է «Քուինը», էլ ավելի ստույգ՝ Ֆրեդի Մերկուրին։ Երգը տեղ է գտել ռոք համույթի 7-րդ, «Ջազ» անվանումով ալբոմում, երգի միանձնյա հեղինակն է Մերկուրին։ Մի հետաքրքիր փաստ․ երգը, ալբոմոից դուրս,  սինգլի տեսքով լույս է տեսել աշխարհի միայն 5 երկրներում՝ ԱՄՆ-ում, Քանադայում, Բրազիլում, Նոր Զելանդիայում և պատկերացրեք՝ հանգուցյալ ԽՍՀՄ-ում, ո՞վ կմտածեր․․․երգում Բրայան Մեյը նվագել է կիթառ, բայց էնպես, որ սիթառի էֆեկետ ստացվի։

Խանդի մասին գրել է նաև «Բիթլզի» հիմնադիր Ջոն Լենոնը, երգը կոչվում է Jealous Guy – «Խանդոտ տղա» կամ՝ «Խանդոտ տղան»։ Գեղեցիկ երգ է, գրվել է ձայնագրվելուց 3 տարի առաջ, էն տարիներին, երբ Բիթլզի տղաները տարված էին Հնդկաստանով, հնդկական մոտիվներով, մայր բնությամբ։ Մի խոսքով, երգը ձայնագրվել է Բիթլզի պաշտոնական ցրվելուց հետո։ Չէի ասի, թե այն բրիտանական լեգենդար քառյակի հիմնադրի ամենահետաքրքիր գործերից է, բայց դե մի հատված կարող ենք լսել:  

Եվ վերջապես եկանք, հասանք էս խորագրի տակ իմ ընդգրկած ամենաերգին, որի անվանման մեջ, ի դեպ՝ խանդ բառը չկա․․․բայց ասեմ ձեզ, էս նուրբ, չափազանց մեղեդային, իր հարմոնիկ լուծումներով ուղղակի հիացնող երգը տեղով խանդի վկայություն է, էն էլ՝ թաքնված, մարդու հոգին ալեկոծող, թունավորող խանդի, բայց շատ վարպետորեն ու ես կասեի՝ քնքուշ կերպով քողարկված․․․Իսկ էլ ո՞վ կարող է կախարդել լսողի հոգին՝ նրան զգացնել տալով սեփական հոգու ելևէջների կատարյալ խաղը, ում համարում են հարմոնիկ երգերի հայրը, նա, ով անբացատրելի հրաշքով կիսատոների մեջ ասես նոր տոներ է տեղավորում, մեկը, ում մասին սըր Փոլ Մաքքարթնին հիացմունքով ասել է․ «Նա ստեղծված է, սարքված է երաժշտությունից»։ Իհարկե հրաշալի երգիչ-երգահան-գործիքավորող, աշխարհում հիրավի նմանը չունեցող Սթիվի Ուանդերը․․․

Այ նա իսկապես չի թաքցնում, որ խանդում է, նա հոգին կրծող կասկածի մասին երգում է էնպես, որ հասկանում ես՝ սարսափելի բան է խանդը, էն էլ՝ չհաստատված, դիմացինի կողմից հերքվող, բայց այնուհանդերձ սև ստվերի պես մարդու գիտակցությունն ու էությունը պաշարած մութ զգացումը

Երգը կոչվում է Lately – «Վերջերս․․․»։ Հատկանշական է, որ երգի կատարումներից մեկի ժամանակ ինքը, Սթիվին հուզվեց էնպես, որ սև ակնոցի տակից երևացին արցունքները։ Բա էլ ո՞վ խանդի, եթե ոչ նա, հանճարեղ արվեստագետը, որը մանկուց զրկված է լույս աշխարհն ու սիրած էակին տեսնելու բերկրանքից․․․

Վերջերս ունեցել եմ ամենատարօրինակ զգացումը, թեև առանց որևէ բացահայտ պատճառի․․․

Ոչ միայն խանդի, ոչ միայն սիրո այլ ամեն ինչի մասին պետք է երգել անկեղծ, համարձակ, պարզ ու հիմնավոր։

Քրիստ Մանարյան

Ցուցադրել ավելի
Back to top button