«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը տոնեց հիմնադրման 30 ամյակը

Օրերս Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում, համախմբելով տարբեր տարիների իր շրջանավարտներին, հոբելյանական համերգով հիմնադրման 30–ամյակն է տոնել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը։
Երեկոն երգչախմբի գործունեության յուրահատուկ հաշվետվությունն է եղել՝ համեմված ավագ ու կրտսեր խմբերի սաների ելույթներով:
1992 թվականից իվեր «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը Հայաստանի մշակութային կյանքի վառ գույներից է եղել, մեր պետության համար ամենադժվար տարիներին անգամ իր գործունեությամբ ապացուցել աշխարհին՝ հայ մշակույթն ապրում է։ Եվ պատահական չէ, որ 2001 թվականին արժանացել է «Եվրոպայի մշակույթի դեսպան» պատվավոր տիտղոսին, իսկ 2002 թվականին Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի կողմից ճանաչվել աշխարհի լավագույն մանկական երգչախումբ։
Անխոնջ աշխատանք, սեր երգի, հայրենիքի, միմյանց հանդեպ, մեկ ընտանիքի զգացողություն․ այս ամենով է առաջնորդվում երգչախումբը սիրելի մաեստրոյի՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ, և իհարկե պատահական չեն ոչ երգչախմբի մասնակցությունը միջազգային հեղինակավոր փառատոներին, ոչ խոշոր մրցույթներում նվաճած ոսկե և արծաթե մեդալները։
Շնորհավորում ենք «Հայաստանի փոքրիկ երգիչներին» հոբելյանի առթիվ և մաղթում նոր նվաճումներ։