Հայրիկի դասերը

Փոքրերի հեքիաթն ու մեծերի իրականությունը. Հայրիկի դասերը

Կարծում եմ էսօրվա զրույցս շատ կհետաքրքրի ձեզ, քանզի ուզում եմ խոսել էնպիսի մի հրաշքի մասին, ինչպիսին հեքիաթն է։ Հեքիաթը՝ մեծերի ու փոքրերի համար։

Բայց, նախ և առաջ, իհարկե, փոքրերի։ Ինքներդ գիտեք, թե նրանք որքան են սիրում հեքիաթներ։ Ինձ համար դա իսկապես ֆենոմեն է՝ ինչո՞ւ են փոքրերն էդքան սիրում հեքիաթներ։ Ես շատ եմ մտածել էս մասին ու վերջնական պատասխան, պատկերացրեք, չեմ գտել։ Ու կասկածում եմ, որ որևէ մեկն ընդհանրապես էդ պատասխանը երբևէ կգտնի։

Գիտե՞ք ինչն է էականն էստեղ, եթե մեծերը լավ-վատ ճանաչում են կյանքը, հասցրել են արդեն ճաշակել  երջանկություն ու հիասթափություններ, հասկացել են, որ ոչինչ էս կյանքում հեշտ չի տրվում ոչ մեկիս ու ենթագիտակցաբար ձգտում են դեպի հեքիաթը, զգալու համար իրենց նրանում հաջողակ, ապահով, թեկուզև ժամանակավոր, ապա ինչո՞ւ են ձգտում հեքիաթին փոքրերը․․․ախր նրանք դեռ չեն հասցրել ճանաչել կյանքի դժվարություններն ու դառնությունները, նրանց կյանքն ինքը, կարելի է ասել՝ դեռևս հեքիաթ է, սիրուն գեղեցիկ հեքիաթ, ուր կան հայրիկն ու մայրիկը, բակի ընկերները, հարազատ փողոցը, շնիկներն ու կատուները, ազգական-բարեկամները։ Չէ՞ որ փոքրերին բոլորը սիրում են։ Էլ ինչո՞ւ են նրանք, էսպես ձևակերպեմ, հեքիաթի մեջ փնտրում հեքիաթ․․․

Չգիտեմ, կընդունեք տեսակտես, թե ոչ, բայց բացատրություններից մեկը, ըստ իս, հետևյալն է՝ փոքրերը, կյանքը որպես հեքիաթ ընկալելով, համոզված են, որ ուրիշների կյանքն էլ է հեքիաթ, այսինքն՝ նրանք բացի սեփական երջանկությունից, ուզում են երջանկություն նաև ուրիշների համար, ախր փոքրերը մեծահոգի են, բարի, կամեցող։ Նրանք համոզված են, որ անմեղ երջանկության չափաբաժին հասնում է բոլորին էս աշխարհում ու իհարկե իրավացի են։ Ուրիշ բան, որ մենք՝ մեծերս, դա ոչ մի կերպ ապահովել չենք կարողանում։

Բացի այդ, փոքրերին հետաքրքրում է ուրիշների երջանկությունը, մասնավորապես՝ հեքիաթների հերոսների։ Քանզի երջանիկ մարդուն հետաքրքրում են երջանության ուրիշ տեսակներն ու դրսևորումները, նրանք, որոնք իրեն հայտնի չեն, բայց էնքան նման են իր երջանկությանը։

Էլի մի հետաքրքիր դիտարկում, որն արել եմ հորս, փոքրիկների իսկական ու նվիրված բարեկամ Երվանդ Մանարյանի հետ մի քանի զրույցներից հետո․փոքրերը կապվում են հեքիաթի հերոսին, հերոսներին։ Ինչո՞ւ…ասեմ, փոքրերը փնտրում են կայունություն, նրանք փնտրում են հաստատուն փոխհարաբերություններ, ամուր, կենսական հիմքեր։  Մեր, մեծերի կյանքում շատ բան կարող է փոխվել, բայց գոնե երեխաներին պիտի կարողանանք ապահովության զգացումով ապահովել։

Կա մյուս ծայրահեղությունը, կոնկրետ մեզ շատ բնորոշ՝ երեխան երեխա է ու մեծերի իրականության ոչ մի բաղադրիչ նրան չպիտի վերաբերի, նա պիտի ապրի իր արհեստականորեն գեղեցիկ, հորինովի, շատ դեպքերում կեղծ աշխարհում, ուր մեծերը երեխաների հետ խոսում են տհաճորեն մանկացված ձայներով (եթե կարելի է էդպես արտահայտվել՝մանկացված ձայներով․․․․երևի ինձ հասկացաք), բոլոր գույները աչք ցավեցնելու աստիճան վառ են ու թունավոր, ինչպես կասեն նկարիչները, էդ աշխարհում բլոր փոխհարաբերությունները պարզապես իդեալական են, բոլորը հերոսները ծայրաստիճան բարի են ու կամեցող, ամենակարող ու նրբանկատ։ Երեխան մեծանում է նման կեղծ աշխարհում ու հետո միանգամից ընկնում է բարդ ու հակասական իրականություն․ նա արդեն մեծ է, համարվում է, որ հեքիաթները նրա համար ավարտվեցին։ Թե ինչ սթրես կարող է տանել նման, հոգեբանական իմաստով, բամբակների մեջ մեծացած երեխան, բացահայտելով, որ իր իմացած կյանքն ու իրեն հրամցված իրական կյանքը ծայրաստիճան տարբեր են՝ թողնում եմ ձեր երևակայությանը։ Երեխային ստել պետք չէ, էդ տաքից սառը անցումը ոչ մի լավ բանի բերել չի կարող․․․հավատացնում եմ։

Ժամանակին, միջնադարյան Եվրոպայում, հեքիաթները, կարելի է ասել, գրեթե սարսափի ժանրի ստեղծագործություններ էին, ուր մարդագայլերը, դաժան ջրահարսերը, վհուկները, կախարդները, մարդակերները փայլում էին իրենց ողջ նախաստեղծ հմայքով։ Իսկ ի՞նչ արեցին հետո մեծերը, մասնավորապես խորհրդային ժամանակների գրաքննիչ-գրակտրիչները՝ «Կարմիր Գլխարկը» հեքիաթում հորինեցին որսորդների, որոնք, իբր պատռելով գայլի փորը, կյանք վերադարձրին Կարմիր Գլխարկին ու նրա տատիկին։ Ավելի մեծ «գրական» վերաքննում ու թյուրիմացություն էդ բնագավառում դժվար է պատկերացնել, ես դա որակում եմ որպես բարբարոսություն։

Մի խոսքով, սիրելի ծնողներ, հատկապես հայրիկներ, երեխաներից մի խլեք հեքիաթը, քանզի դա նրանց պատկերացումների դրախտն է ու մի աղավաղեք էդ դրախտն էնպես, ինչպես շատ ու շատ լավ բաներ եք աղավաղում, լավագույն մղումներից  դրդված։ Երեխաները պիտի ունենան իրենց աշխարհը, և էդ աշխարհը պիտի լինի որքան հեքիաթային, էնքան էլ իրական։ Իսկ էդ երկուսի սահմաններն ինքներդ որոշեք, եթե իսկապես ցանկություն ունեք, որ ձեր պստիկներն ոնենան  հրաշք, բայց ոչ կյանքից էնքան կտրված, որ հետո փնտրեն ու փնտրեն այն, բայց երբեք, էդպես էլ չգտնեն։

Սովորենք հարգել ուրիշի հեքիաթը, սա էր երևի թե ասելիքս։

Լավ եղեք, փորձեք մանկանալ, դա ձեզ էլ է պետք, հարգելի մեծահասակներ։

Քրիստ Մանարյան

Ցուցադրել ավելի
Back to top button