Որտե՞ղ կարելի է անցկացնել արձակուրդի այս օրերը: Որոշեցինք օգտվել համացանցից և …մնացինք ապշած: Երևանում հայաբառ ոչ մի մանկական սրճարան ու կենտրոն չի գործում …բոլորն օտար լեզվով են անվանակարգված…
Խնդրեմ` «Սիթիզեն»- սա մասնագիտությունների քաղաք է, «Չիլդրենս ֆեքթրի», «Նեպտուն քիդս», «Քինգ գարդեն», «Յես ռիփաբլիք» և այսպես շարունակ` մանկական սրճարաններ են, «Տեռակոտա ստուդիո»՝ վարպետանոց է, «Քրայոլա րում»- զարգացման կենտրոն է: Կարելի է կարծել, որ մենք ոչ թե Հայաստանում և նրա մայրաքաղաքում ենք, այլ արտերկրում:
Ինչու՞ է մոռացվել մեր ոսկեղենիկ հայերենը, և ինչու՞ այսպես հեշտ ու հանգիստ նրան հաղթել է սկսել օտարաբանությունը: Դեռ դպրոցից սովորեցնում են մեզ, թե որքան մեծ էր Մաշտոցի գյուտի և հայ գիր ու գրականության դերը ազգապահպանության գործում: Դպրոցում մի բան են ասում, իսկ դրսում մի այլ իրականություն է: Համոզված ենք, կգտնվեն շատերը, ում համար նույնպես միևնույն չէ մեր լեզվի նկատմամբ այսպիսի վերաբերմունքը: