Լուրեր

Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում՝ նոյեմբերի 7-13-ը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և  Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը 2022 թ․ նոյեմբերի 7-13-ը հայտարարում են մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում և հրավիրում են ՀՀ բոլոր դպրոցներին, մանկապարտեզներին, բուհերին, գրադարաններին, կրթական և մշակութային կենտրոններին, ինչպես նաև այլ շահագրգիռ կառույցներին՝ միանալու շաբաթվան։

Մեդիագրագիտության շաբաթն ամենամյա նախաձեռնություն է, որի շրջանակում կրթության ոլորտի կառույցների ու կազմակերպությունները մեդիագրագիտության միջոցառումներ ու դասեր են անցկացնում: Շաբաթվա ընթացքում կրթության շահառուները, օգտվելով առկա կրթական ռեսուրսներից, մասնակցում են առցանց և դեմառդեմ հանդիպումների, ինչպես նաև մշակում և իրականացնում են կրթական նախագծեր՝ հանրակրթության նոր չափորոշչին համապատասխան՝ ինտեգրելով մեդիագրագիտությունը կրթության մեջ։

Շաբաթվա ընթացքում կստեղծվեն և սոցիալական մեդիայում կտարածվեն կրթական ու տեղեկատվական նյութեր, մեդիագրագիտության ուղերձներ ու կանոններ #եսմեդիագրագետեմ, #մեդիագրագիտությանշաբաթ2022 հեշթեգերով։

Ինչպես միանալ մեդիագրագիտության շաբաթվան

  • Հետևել ԿԳՄՍՆ և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) ֆեյսբուքյան էջերին,
  • Հարստացնել մեդիագրագիտության գիտելիքը՝ անցնելով «Մեդիա iգիտություն» նոր առցանց դասընթացը,
  • Ուսումնասիրել ՄՆԿ հրատարակած և ԿԳՄՍՆ կողմից երաշխավորված «Մեդիա iգիտություն» ուսուցչի նոր ձեռնարկը, դրա հիման վրա իրականացնել ուսումնական նախագծեր,
  • Ծանոթանալ մեդիագրագիտության այլ ռեսուրսների Media.am կայքում, դրանց օգնությամբ անցկացնել դասեր, քննարկումներ, միջոցառումներ,
  • Սովորողների հետ հանդիպման հրավիրել վստահելի լրագրողի կամ կազմակերպել այց որևէ լրատվամիջոց,
  • Խաղալ մեդիագրագիտության համակարգչային և սեղանի խաղեր:

Մեդիագրագիտությունն այն ուղեցույցն է, որ կարող է օգնել մեզ հասկանալ ինֆորմացիոն հոսքերը, ճանաչել որակյալ լրագրությունը և վստահելի ինֆորմացիան աղբյուրները: Հետևելով մեր թվային վարքին՝ յուրաքանչյուրս կարող ենք փաստերի վրա հիմնված դատողություններ անել, ազատորեն քննարկել խնդիրները, ասելիքը փաստարկել՝ առանց վիրավորանքի, պիտակավորման ու ատելության՝ տուրք չտալով քարոզչական կեղծիքներին։

Ցուցադրել ավելի
Back to top button