Մարդկանց միշտ էլ հատուկ է եղել իրենց ապրած ժամանակի, կարևոր իրադարձությունների մասին տեղեկատվությունը, կուտակած գիտելիքն ու փորձը հաջորդ սերունդներին փոխանցելու ցանկությունը։ Ժայռափոր պատկերներից մինչև սեպագիր արձանագրություններ, մագաղաթից մինչև տպագիր գրականություն․ շատ ընդհանուր գծերով այսպես է անցել սերունդներին տեղեկատվություն ու մշակութային արժեքներ փոխանցելու ուղին, իսկ քսաներորդ դարից սկսած գրավոր ու տպագիր ժառանգությանը զուգահեռ սկսեց կուտակվել նաև մարդկության տեսաձայնային ժառանգությունը, որի մասն են ֆիլմերը, ռադիո և հեռուստահաղորդումները, ձայնագրություններն ու տեսագրությունները։
Եվ չնայած տեսաձայնային ժառանգությունը մեր օրերում համարվում է ինֆորմացիայի առաջնային կրիչներից մեկը, գրքերը երբեք չեն զիջում իրենց դիրքն այդ շարքում։