Նոր ցուցադրություն ՀԱՊ-ում. «Մարտիրոս Սարյան. Գիրք և արվեստ»

Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարտիրոս Սարյան. Գիրք և արվեստ» ցուցահանդեսը։
Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Մարտիրոս Սարյանի գրքային բարձրարժեք նկարազարդումներին։ Ներկայացված կլինեն Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Միքայել Նալբանդյանի, Միխայիլ Լերմոնտովի, Վալերի Բրյուսովի և այլ հայտնի դասականների գրական երկերի, ինչպես նաև հայկական հեքիաթների շքեղ պատկերազարդումները։ Ցուցահանդեսի սկիզբը՝ ժամը 18:00-ին։ Պատկերասրահի մուտքը՝ Արամի փողոցից։
Ասենք նաև, որ օրեր առաջ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է ևս մեկ արժեքավոր նմուշով։ Ամերիկաբնակ Վանուհի Արճյանը թանգարանին է նվիրել տղամարդու արծաթե գոտի՝ որը ստեղծվել է Թիֆլիսում՝ 19-րդ դարի վերջին — 20-րդ դարասկզբին հայ վարպետի կողմից: Երբ այցելեք թանգարան, դիտեք նաև այդ նոր, հետաքրքիր ցուցանմուշը։