Մեր հյուրը Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն է։
Հանդիպման առիթը երգչախմբի հոբելյանական համերգն էր, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 17-ին և նվիրված էր երգչախմբի ծննդյան 30–ամյակին: Սա հանդիպման առիթն էր, բայց, ինչպես և մաեստրոյի հետ ցանկացած զրույց, այս մեկն էլ շատ տարբեր հարցերի շուրջ մտորում, քննարկում, եթե կուզեք՝ նաև խորհրդատվություն էր։
«Երբ փոքր էի, երազում էի ստեղծել մանկական մի քաղաք, որտեղ երեխաներն ապրեին երջանիկ ու անհոգ, տիրեր արդար, ազնիվ ու բարի մթնոլորտ։ Անցան տարիներ․․․Նորանկախ պետության ստեղծմանը զուգընթաց կարողացա ստեղծել բարությամբ ու լույսով լի փոքրերի մի աշխարհ։ Այդ աշխարհն անվանեցի «Հայաստանի փոքրիկ երգիչներ»» — սա «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ծննդյան համառոտագրված պատմությունն է՝ ըստ մաեստրոյի։ Երազանքից մինչև իրականություն ընկած այս հատվածում սակայն բացակայում է այն ճանապարհը, որով անցել է այսօր արդեն աշխարհահռչակ, միջազգային տարբեր մրցույթներում ու հարթակներում ոսկե և արծաթե մեդալների արժանացած, աշխարհի լավագույն մանկական երգչախմբերի շարքում կանգնած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը։
Քչերն են հիշում, թե ինչ պայմաններում ու ինչ ժամանակներում ստեղծվեց երգչախումբը․ 1992 թվականն էր, Հայաստանի համար դժվար տարիներ էին։ Պատկերացնու՞մ էր արդյոք մաեստրոն, որ այսպիսին կլինի երգչախմբի ապագան։