Մեկնարկում է «Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական ամենամյա փառատոնը

Նոյեմբերի 4-8-ը Երևանում տեղի կունենա «Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական ամենամյա փառատոնը։ Այս տարի այն նվիրված կլինի Երկիր մոլորակին սպառնացող ամենամեծ վտանգներից մեկին՝ կլիմայի փոփոխությանը:
Փառատոնի օրերին Հայաստանի կինոգործիչների միության և Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դահլիճում կցուցադրվեն վերջին տարիներին նկարահանված բնապահպանական ավելի քան 30 ֆիլմեր՝ աշխարհի տարբեր անկյուններից։ Առանձին ծրագրով ներկայացված կլինեն նաև ոչ մրցութային ֆիլմեր։ Այս տարի «Արևորդին» կներկայացնի նաև «Կանաչ թղթակիցների դպրոց» հավելվածը, որն ուղղված է Հայաստանում էկո-լրագրության զարգացմանն ու բնապահպանական թեմաների լուսաբանման որակի բարելավմանը։
Հիշեցնենք, որ «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը կազմակերպում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը: Ցուցադրվող ֆիլմերի ցանկին կարող եք ծանոթանալ փառատոնի ֆեյսբուքյան էջում։ Փառատոնը կբացվի «Ցավում եմ» ֆիլմով։