Արթուր Դավթյանը՝ սպորտային մարմնամարզության աշխարհի չեմպիոն

Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, Լիվերպուլում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում հենացատկ վարժությունում վաստակելով 15.050 միավոր, գերազանցեց իր բոլոր մրցակիցներին և նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Այսպիսով Հայաստանի Հանրապետության օրհներգն առաջին անգամ հնչեց սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնություններում։
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 2022 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Արթուր Դավթյանը որակավորման փուլում 14.900 միավոր էր վաստակել և առաջին տեղով դուրս եկել եզրափակիչ:
Հայաստանի հավաքականի անդամ, 38-ամյա Հարություն Մերդինյանը երրորդ տեղն է զբաղեցրել՝ կարիերայում երկրորդ անգամ հռչակվելով աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր: Նժույգթափեր վարժության եզրափակիչում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը 14.733 միավոր է վաստակել և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին: