Նոյեմբերի 1-ին բազմամարդ էր «Զանգակ» գրատան երկրորդ հարկը: Շատերն էին եկել, ներկա գտնվելու «Լիլոգրաֆիա» ցուցահանդեսի բացմանը։ Սա Լիլիթ Մանարյանի առաջին ցուցահանդեսը չէր, սակայն այս անգամ նա ներկայացել էր հայրիկի` Քրիստ Մանարյանի «Ֆելոն ու Խելառների Գնացքը» գրքի նկարազարդումներով ու գրաֆիկական աշխատանքներով:
Ցուցահանդեսն ու զարմանալի նկարազարդումները չէին լինի, եթե չծնվեին Ֆելո անունով կատվի մասին պատմությունները: Այս մասին Լիլիթն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Երանելի ժամանակներ էին` 2020 թվականի գարունը` մինչև պատերազմը … հայրիկը հեռախոսով արագ պատմում էր ինձ «Ֆելո»-ի հերթական գլուխը, մի կուշտ ծիծաղում էինք, իրար հետ մրցելով ավելի ու ավելի սրամիտ անուններ հորինում, ինչպես ասենք Պավլովի չղջիկները, ես արագ նշումներ էի անում, ու “կպնում” հերթական նկարը նկարելուն»։
Իր բացման խոսքում Լիլիթը նշեց, որ երբեք չի կարելի ձեռքերը ծալած նստել… մանավանդ, երբ խոսքը վերաբերում է երեխաներին։ Լիլիթն աշխատել է գիշերը, երբ քնած էին բոլորը, նաև սիրելի դստրիկը: Հայրը` Քրիստ Մանարյանն էլ խոստովանում է, որ Լիլիթի շատ գործեր ուղղակի բացահայտումներ են եղել իր համար: Ցուցասրահում հանդիպեցինք նաև Լիլիթի ուսուցչին` Դանիել Երաժիշտին և զարմանքով իմացանք, որ Լիլիթը նաև հրաշալի ֆլեյտա է նվագում … Ջերմ խոսքերով իր սանին նկարագրեց ուսուցիչը` Դանիել Երաժիշտը։ Ափսոս, որ մեր ռադիոլսողները չեն կարող տեսնել Լիլիթի հրաշալի նկարազարդումները, սակայն կարծում ենք վերնագրերն արդեն շատ բան կասեն` «Ֆելո կատուն ու խավարասերը» , «Ֆելոն խորհրդավոր գետնանցումում», «Ֆելոն մտնում է փոխակերպարան» և այլն …
Ո՞վ է իրականում Ֆելո կատուն … Հերոսը Քրիստ Մանարյանի «Ֆելոն ու Խելառների Գնացքը» գրքից է … Այն Ֆելո անունով կատվի մասին է՝ զարմանալի պատմություն նույնքան զարմանալի կենդանու մասին, որի առաջ գիշերը բացում է խորհրդավոր աշխարհի դռները: Ի դեպ, Քրիստ Մանարյանն ասաց, որ Ֆելո կատվի մասին պատմությունները դեռ շարունակվելու են, իսկ մենք գրախանութներում արդեն կգտնենք նրա հրատարակած նոր գիրքը։
Հրաշալի է, երբ կարող ես պահպանել մանկությանդ երևակայական աշխարհը…առանց այդ աշխարհի ու նրա անսահմանության դժվար է հասկանալ իրերի լեզուն … Լիլիթ Մանարյանը այն երջանիկներից է, ում բախտ է վիճակվել աշխարհ գալ այնպիսի ընտանիքում, որտեղ պապը հայտնի ու սիրված դերասան, ռեժիսոր, սցենարիստ, Հայաստանի ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանն է, հայրը` գրող, երգահան, մանկագիր Քրիստ Մանարյանը։ «Երբ հայրիկիդ գրած գիրքը քո սեփական նկարազարդումներով կարդում ես երեխայիդ համար, ինքն էլ զննում է նկարները, հետո խաղաղ քնում հեքիաթի ներքո, զգում ես, որ թեկուզ մի փոքր, բայց լավ ու ճիշտ բան արել ես կյանքում»- խոստովանում է Լիլիթը:
Ցուցահանդեսը «Զանգակ» գրատանը գործելու է մինչև նոյեմբերի 20-ը, այնպես որ դեռ ժամանակ ունեք հայտնվելու Լիլիթի կախարդական աշխարհում և վայելելու գրաֆիկական հրաշալի ստեղծագործությունները: