Մեկնարկ

«Շոգեքարշ» լինելու գաղտնիքը․ Մեկնարկ

Մեր հյուրը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանն է։ Մաեստրոյի հետ զրույցը երգչախմբի 30-ամյա ճանապարհի, մանկավարժի կոչման, այս մեծ ընտանիքին անդամակցելու պայմանների, մասնագիտության ընտրության հենց իր՝ մաեստրոյի պատմության մասին է։

Հարց — Ինչպիսի՞ տարիք է համարվում 30-ը երգչախմբի համար։

Տ․ Հեքեքյան — Փոքր տարիք է երգչախմբի համար, որովհետև աշխարհում կան պատմական երգչախմբեր, ինչպիսին է, օրինակ, Վիենայի տղաների երգչախումբը, որի համար Մոցարտը երաժշտություն է գրել, որտեղ երգել են Բրուքները, Հայդնը։ Ավելի տարիքով երգչախմբեր էլ կան, օրինակ՝ Լայպցիգի տղաների երգչախումբը։ Իրենք պահում են ավանդույթը, և այս երգչախմբերն իրենց երկրների հարստությունն են։ Երեսունը, իհարկե, փոքր տարիք է երգչախմբի համար, բայց եթե մարդկային կյանքի հետ համեմատենք, ապա՝ բավականին կայացած տարիք է։

Հարց — Ինչպիսի՞ն պետք է լինի երեխան, որպեսզի «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի սան դառնա։

Տ․ Հեքեքյան — Եթե նախկինում ընտրում էինք՝ ձայնը, լսողությունը, արտաքինը հաշվի առնելով, ապա հիմա ձայնն էլ չենք ստուգում, լսողությունն էլ, ոչ մի բան։ Գալիս է, ասում ենք՝ համեցե՛ք։ Գիտե՞ք ինչու․ որովհետև, եթե դու աշխարհի լավագույն մակական երգչախումբն ես համարվում, դե՛, բա՛ց դռներդ, թո՛ղ գան։

Բացի այդ, ես կարծում եմ, հիմա այնքան են քչացել այն ծնողները, որոնք ուզում են, որ իրենց երեխաները ցուցքից, արտաքին երևացող ցուցադրական մասից հեռու լուրջ կրթություն ստանան, որ ես բարոյական իրավունք չունեմ իրենց առջև դուռը փակելու։

Բայց, դրա հետ մեկտեղ, ասում եմ՝ ի՛նչ է պետք․ համառություն, նպատակասլացություն և աշխատասիրություն։ Կարող ես լսողություն չունենալ, ձայն չունենալ, բայց այս երեքն ունենում ես, դառնում ես «Հայաստանի փոքրիկ երգիչների» անդամ, ու հետո հրաշքներ են տեղի ունենում։ Այդ երեխաներն այնքան կարևոր անձ են դառնում երգչախմբի համար, որ հետո մտածում ես․ «Պատկերացնու՞մ ես՝ չընդունեինք իրենց»։ Բայց այս երեքից մեկն էլ պակասում է, ոչինչ չի ստացվի, որովհետև եթե կա աշխատասիրություն, բայց չկա նպատակասլացություն, հենց այնպես քեզ համար աշխատում ես, ոչինչ չի ստացվի։ Դու պետք է գաս, հասնես բարձրակետին։ Այդպիսի երեխաները մեր հպարտությունն են։ Բայց, իհարկե, կան նաև այդ հատկանիշներից զուրկ կամ այդպիսի հատկանիշները պակաս երեխաներ։ Նրանք, իհարկե, դժվարանում են, որովհետև որքան պակաս են քո այդ հատկանիշները, դու այնքան հայտնվում ես գնացքի վերջին վագոններում։ Մինչդեռ սա պայքար է, բոլորը ձգտում են գալ դեպի առաջ, դեպի շոգեքարշը։ Ամեն մեկն ուզում է դառնալ շոգեքարշ։ Իսկ շոգեքարշը մեր ավագն է։

Ցուցադրել ավելի
Back to top button