Մեծամորը հռչակվել է Հայաստանի 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները: 2023 թվականի «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի համար հայտ էր ներկայացրել 2 քաղաք՝ Ծաղկաձորը (ՀՀ Կոտայքի մարզ) և Մեծամորը (ՀՀ Արմավիրի մարզ)։ Հայտերի գնահատման գործընթացի ամփոփիչ փուլի ընթացքում փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքների համադրմամբ մրցութային հանձնաժողովը Հայաստանի 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք է հռչակել Մեծամորը:
Համաձայն մրցույթի կանոնակարգի՝ մրցութային հանձնաժողովը գնահատել է հայտերը՝ ըստ սահմանված պահանջների: Հոկտեմբերին իրականացվել են փորձագիտական գնահատման խմբի անդամների այցելությունները հայտատու քաղաքներ, որտեղ նրանք հանդիպումներ են ունեցել համայնքների ղեկավարների, համայնքապետարանների աշխատակազմերի, կրթական հաստատությունների ղեկավարների հետ, ծանոթացել տեղի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների և երիտասարդական ակտիվ խմբերի հետ՝ ուսումնասիրելով նրանց ներգրավվածության աստիճանը տեղական ինքնակառավարման մարմիններում: Որպես պայման դիտարկվել են համայնքների մարզական, մշակութային, ժամանցային, հանգստի կազմակերպման հաստատությունների ներուժն ու հնարավորությունները, ինչպես նաև ընթացիկ և նախատեսվող երիտասարդական ծրագրերը:
Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 14-ը կայացել է կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկությունը: 20 օր շարունակ, անկախ բնակության վայրից, ՀՀ բոլոր քաղաքացիները հնարավորություն են ունեցել քվեարկելու իրենց նախընտրելի քաղաքի օգտին:
Այսպիսով, փորձագիտական խմբի գնահատմամբ մրցույթում առավելագույն միավոր է հավաքել Մեծամոր քաղաքը, SMS քվեարկությամբ՝ Ծաղկաձորը: Քանի որ, ըստ կանոնակարգի, հավասար միավորների դեպքում առավելությունը տրվում է փորձագիտական խմբի գնահատականին, երիտասարդական մայրաքաղաքի մրցույթում հաղթող է ճանաչվել ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքը:
Մրցույթն իրականացվում է 2014 թվականից ի վեր։ ՀՀ առաջին երիտասարդական մայրաքաղաքը եղել է Սիսիանը, հաջորդիվ՝ Ստեփանավանը (2015), Գյումրին (2016), Չարենցավանը (2017), Իջևանը (2018), Վանաձորը (2019), 2020-ին մրցույթը չի կայացել, այնուհետև՝ Կապանը (2021), իսկ 2022-ին՝ Հրազդանը։