Երբ լսում եք «սև կատու» բառակապակցությունը, ի՞նչ եք հիշում նախևառաջ․․․
— Սև կատուն փողոցը հատեց՝ երեք անգամ ․․․պտտվիր ա՞ջ, թե՞ ձախ․․․չեմ հիշում․․․
— Մութ սենյակում սև կատու փնտրել․․․
— Սև կատու տեսար՝ վատ նշան է․․․
— Դժբախտության խորհրդանիշ է․․․
Այո, սև կատուների մասին ինչ ասես՝ չեն հորինել, նրանց հետ կապված ինչ տարօրինակ նախապաշարում ասես, որ չի ծնվել։ Եվ հենց այդ պատճառով էլ իտալացի կենդանապաշտպանները որոշել են․ սև կատուներին պետք է պաշտպանել․․․
Նոյեմբերի 17–ը սև կատուների պաշտպանության օրն է Իտալիայում։ Օրը սահմանվել է շրջակա միջավայրի և կենդանիների պաշտպանության իտալական ասոցիացիայի կողմից 2007 թվականին։
Այն բանից հետո, երբ իտալացի կենդանապաշտպաններն ի մի բերեցին մարդու կողմից ամենից ավելի վատ վերաբերմունքի արժանացող կենդանիների հետ կապված վիճակագրությունն ու պարզեցին, որ, օրինակ, Հռոմում տարեկան 15000 սև կատու է ոչնչանում՝ նաև մարդկանց մեծ միջամտությամբ, որոշեցին, որ սև կատուն առանձնահատուկ ուշադրության և պաշտպանության կարիք ունի։ Որպես առաջին քայլ որոշվեց այս կենդանիների համար օր առանձնացնել օրացույցում՝ մարդկանց հիշեցնելու համար, որ ավելորդ նախապաշարմունքների ժամանակը վաղուց անցել է։
Չգիտենք՝ իտալիայում սև կատուների հանդեպ վերաբերմունքը փոխվել է, թե ոչ, բայց երկրներ էլ կան, որտեղ այս կենդանիներն ամենևին էլ առանձնահատուկ վերաբերմունքի կարիք չունեն, որովհետև եթե կան էլ հավատալիքներ, ապա՝ միայն դրական շեշտադրումով։
Օրինակ, Մեծ Բրիտանիայում հավատում են, որ սև կատվի տիրուհին տղամարդկանց ուշադրության պակաս չի ունենա ողջ կյանքում: Շոտլանդիայում հավատում են, որ սև կատուն տուն հարստություն է բերում․․․Գիտենք նաև, որ նավաստիներն են շատ սիրում սև կատուներին, որովհետև հավատում են, որ այդ կենդանիները բարեհաջող նավարկության խորհրդանիշ են ․․․