Զարթուցիչ

Ուսուցիչները կատարումներով հանդես եկան իրենց սաների համար․ Զարթուցիչ

Նոյեմբերի 17–ն է այսօր․ օրացույցը հուշում է, որ եթե ուսանող քույր կամ եղբայր ունենք, հենց հիմա պետք է վազենք նրանց շնորհավորելու՝  նույնիսկ եթե քնած են։ Գրկում ենք, համբուրում՝ չնայելով նրանց բողոքին ու զայրույթին, որովհետև այսօր ուսանողների միջազգային օրն է։

Թեպետ քնած ուսանողներին արթնացնելը վստահ չենք, որ լավ միտք է, բայց արթուններին, իհարկե, կարելի է շնորհավորել այս իսկական երիտասարդական տոնի առթիվ, մաղթել ուրախ, աշխույժ, տպավորություններով լի ուսանողական տարիներ․․․

Այսօրվա մեր հյուրն էլ ուսանողուհի է։ Նույնիսկ չգիտենք՝ որն է ճիշտ՝ նրան հյու՞ր, թե՞ գործընկեր անվանելը։ 

Ծանթոթացեք՝ Անուշ Գևորգյան, ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ուսանողուհի։ Անուշն իր մեկամսյա ուսումնական պրակտիկան է անցկացնում Ռադիո Արևիկում և այսօր ներկայացնելու է իր պատրաստած առաջին նյութը։

Անուշ — Ես ապրում եմ Քանաքեռավանում, ավարտել եմ Քանաքեռավանի միջնակարգ դպրոցը, հաճախել եմ այնտեղի արվեստի դպրոցը, որը շատ կարևոր հետք է թողել իմ կյանքում։ Եվ ահա, անցած շաբաթ իմ սիրելի արվեստի դպրոցում տեղի ունեցավ մի իրադարձություն, որի մասին էլ որոշեցի պատմել Ռադիո Արևիկի ունկնդիրներին։

Չգիտեմ՝ տեղյակ եք, թե ոչ, բայց նոյեմբերի 8–ը արդեն քանի տարի է աշխարհի տարբեր երկրներում ապրող դաշնակահարներին միավորող օր է․ դաշնակահարներն այն իրենց մասնագիտական տոնի օրն են համարում. Չնայած տոնն առայժմ պաշտոնական կարգավիճակ չունի։

Իմ սիրելի արվեստի դպրոցում դաշնամուր գործիքի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք կա, կան հրաշալի մասնագետներ, որոնք երկու տասնամյակից ավելի է՝ ինչ երաժշտության ու հենց դաշնամուր գործիքի հանդեպ սեր են սերմանում իրենց սաների սրտում։

Ինչպե՞ս նշել մասնագիտական տոնը․ մտածեցին նրանք և որոշեցին․ իհարկե համերգով, բայց․․․փոքր–ինչ անսովոր համերգով։ Ոչ թե սաները կնվագեն ուսուցիչների համար, այլ՝ հակառակը․ ուսուցիչները կներկայանան իրենց կատարումներով։ Այսպիսի մտահղացում այս պատերի ներսում մեկ անգամ էլ է կյանքի կոչվել, բայց ուղիղ 25 տարի առաջ։

Եվ այսպես, ուսուցիչները աշակերտներին հրավիրել էին համերգի, բայց չէին նշել, թե ովքեր են լինելու բեմում: Բայց ասել էին, որ նրանց անակնկալ է սպասվում: Աշակերտները չգիտեն, բայց ես գիտեմ, թե ինչ անակնկալ է սպասվում նրանց:

Առաջարկում ենք լսել Անուշ Գևորգյանի ռեպորտաժը։

Ցուցադրել ավելի
Back to top button