Երկու տոն՝ մեկ օրում․ Զարթուցիչ
Այսօր Հեռուստատեսության համաշխարհային օրն է, ինչի առթիվ շնորհավորում ենք հեռուստատեսության բոլոր աշխատողներին։ Նշվում է նաև Ողջույնի օրը։ Ահա, թե ինչպես են առաջացել այս երկու տոները։
1973թ-ին՝ Սառը պատերազմի թեժ պահին, ամերիկացի եղբայրներ Մայքլ և Բրայան Մակքոմակներն առաջարկեցին ողջույնի կամ բարևի տոն սահմանել, որը նպատակ ուներ մարդկանց ուշադրությունը սևեռել միմյանց նկատմամբ բարի և սիրալիր լինելուն: Ու որպեսզի տոնը ծառայեր նպատակին, եղբայրները աշխարհի տարբեր ծայրերում ապրող ծանոթ ու անծանոթ մարդկանց ողջույնի նամակներ ուղարկեցին։ Նամակում պարզապես խնդրանք էր` ինչ-որ մեկին բարեմաղթանքներով նույնատիպ նամակ գրել և ուղարկել։ Այս նախաձեռնությունը վարակիչ օրինակ դարձավ մոլորակի բնակիչների համար և հավանության արժանացավ ոչ միայն սովորական քաղաքացիների, այլ նաև կառավարությունների շրջանում:
Այդպես մի շարք երկրների նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ը հայտարարվեց ողջույնի օր։
1998թ.-ից սկսված ամեն տարի նոյեմբերի 21-ին նշվում է նաև Հեռուստատեսության օրը։ Այն սահմանել է ՄԱԿ-ը։ Օրվա առթիվ կազմակերպությունը բոլոր պետություններին առաջարկում է ներկայանալ այնպիսի հեռուստատեսային ծրագրերով, որոնք նվիրված են խաղաղությանը, անվտանգությանը, տնտեսական ու սոցիալական, ինչպես նաև մշակութային խնդիրներին:
Առաջարկում ենք լսել «Զարթուցիչ»-ի թղթակից Մարիի պատրաստած փոքրիկ հարցազրույցը «21 TV» հեռուստաընկերության «Կուբիկ-Ռուբիկ» հաղորդման հաղորդավար Էվա Սարգսյանի հետ։