Հիթ 1

The girl from Ipanema՝ «Աղջիկն Իփանիմայից»․ Հիթ 1

Էսօր ուզում եմ խոսել շատ հայտնի մի երգից, որը լսել է, լսում է ու միշտ լսելու է ողջ աշխարհը։ Այս երգն իսկապես կատարյալ է՝ լուսավոր, արևոտ, մեղեդային, չքնաղ բառերով, մի խոսքով՝ այն օժտված է ժամանակակից երգ կոչվածի բոլոր-բոլոր բարեմասնություններով։

Կատարել է ով ասես․․․սա մեկն է էն հրաշալի երգերից, որոնք ունենալով, էսպես ասած, կոնկրետ սեռական պատկանելիություն, այնուհանդերձ կատարվում են և՛ տղամարդկանց, և՛ կանանց կողմից։

Շատ չտանջեմ ձեզ. էսօր մի քիչ կխոսենք հանրահայտ Անթոնիո Քարլոս Ջոբիմի ամենահայտնի ու հիրավի անմահ The girl from Ipanema՝ «Աղջիկն Իփանիմայից» աշխարհահռչակ հիթից։ Բնագրում՝ Բրազիլիայի պորտուգալերենով վերնագիրը հնչում է որպես “Garota de Ipanema”։

1960-ականների կեսերին էս չքնաղ գործը հնչում էր ամենուր, բոլոր երկրներում․ 1965-ին այն արժանացավ Գրեմմիի՝ որպես «Տարվա Ձայնագրություն»։ Մինչդեռ գրված էր 1962 թվականին։ Պորտուգալերեն բառերը գրել է Վինիսիուս Դե Մորաեսը, հետագայում, ավելի ուշ, անգլերեն բառերը գրեց Նորման Գիմբլը։

Ինչպես արդեն ասացի, ով ասես երգել է էս երգը ու դեռ կերգի։ Բայց հենց վերն ասածս հաստատելու համար ուզում եմ երգը լսենք Ասթրուդ Ժիլբերթոյի կատարմամբ, ումից ավելի գեղեցիկ, համոզիչ, հավաստի ու քնարական, ըստ իս՝ ոչ ոք երբեք չի էլ կատարել։   

Աղջիկն Իփանիմայից․․․երգի առաջին, կոմերցիոն կատարումը եղել է 1962 թվականին, Փերի Ռիբեյրոյի կատարմամբ։  

Իսկ ի՞նչ է Իփանիման կամ Իփանեման։ Ռիո դե Ժանեյրոյի հարավում գտնվող, հայերեն ասած, էլիտար թաղամաս է, իր չքնաղ լողափով, ուր իրար են հանդիպում չտեսնված գեղեցիկ, արևայրուքով, մարդամոտ ու անմիջական աղջիկներ,կանայք, բրազիլական սամբան ու բոսսա նովան, արևն ու Ատլանտյան օվկիանոսի տաք ալիքները․․․ կարճ ասած, բրազիլական դրախտ։

Այ հենց էդ դրախտային Իփանիմայում էլ կոմպոզիտոր Քարլոս Ջոբիմը մի օր տեսավ 17 տարեկան շատ գեղեցիկ մի աղջկա, էնքան սիրուն ու անկաշկանդ, որ երգահանի գլուխը պտտվեց ու նա գրեց իր ամենահայտնի, ամենագեղեցիկ երգը։

Անթոնիո Քարլոս Ջոբիմի, կամ ինչպես անգլիախոս աշխարհն է նրան միշտ կոչել՝ Թոմ Ջոբիմի մասին կարելի է շատ երկար խոսել։Նա էնքան տաղանդավոր էր, որ շատերը մինչև հիմա, ուզածդ հայտնի, մեղեդային բրազիլական բոսսա, առանց մանրամասների մեջ խորանալու, վերագրում են նրա գրչին։ Օրինակ՝ Արի Բարոսսոյի «Աքվարելա Դո Բրազիլ» հրաշալի երգը, որն ասես Բրազիլի այցեքարտը լինի,  շատերը թյուրիմացաբար շարունակում են համարել Թոմ Ջոբիմի գործերից, որովհետև Ջոբիմը, թվում է ՝ աշխարհի բոլոր գեղեցկագույն բոսսաներն արդեն գրել է ու այլևս ոչ մեկին տեղ չի թողել որևէ նոր բան, նոր կոմբինացիա, նոր հնարանք, նոր շրջադարձ հորինել էդ ժանրում։

Իսկապես անուրանալի է նրա վաստակը։ Նա ասես Բրազիլի մշակութային հերոսներից լինի։   Ջոբիմը բոսսայի հայրերից է, նրա տաղանդի առջև մնում է պարզապես լուռ խոնարհվել։

Կցանկանամ, որ լսենք նրա մեկ այլ գործից հատված՝ հանրահայտ «Քորքովադոյից»։ Գիշերային հանդարտ, աստղազարդ երկինքը մեկ էլ ո՞վ կկարողանա ներկայացնել էնպես, ինչպես դա արել է հրաշագործ Ջոբիմը։ Ու դարձյալ հնչելու է Ասթրուդ Ժիլբերթոյի կախարդական ձայնը ու կրկին նվագակցելու է նրան Սթան Գեթսը։

Կրկին վերադառնամ Իփանեմա լողափի աղջկան, հիմա կլինի ամենահետաքրքիրը։

Գիտեք երևի՝ Բրազիլացիները երկար անուններ ունեն։ Էլոյզա Էնեյդա Մենեզիս Պաիս Պինտու Պինեյրու․․․որևէ մեկիդ որևէ բան ասում է՞ էս կանացի անունը․․․կարծում եմ՝ ոչ։ Խոսքս բիզնեսով զբաղվող մի կնոջ մասին է, հիմա արդեն 77 տարեկան, բայց երբեմնի գրավչությունն ու գեղեցկությունը իսկապես պահպանած․․․

Թե ի՞նչ կապ ունի նա մեր երգի պատմության հետ․․․կարծում եմ ոմանք արդեն գլխի ընկան։ Այո, Էլոյզա Էնեյդա Մենեզիս Պաիս Պինտու Պինեյրուն, կամ, պարզապես, Հելո Պինեյրուն հենց այն կինն է, ով շատ տարիներ առաջ, 17 տարեկանում պատահաբար ընկավ Իփանեմայում հանգստացող Թոմ Ջոբիմի աչքով ու նրանով տարված և ոգևորված՝ մեծ կոմպոզիտորը գրեց իր անկրկնելի երգը։ Պատկերցնու՞մ եք․․․այսինքն էս երգը վերացական կնոջ կամ հորինովի կանացի կերպարի մասին չէ, այն ունի կոնկրետ հասցեատեր՝ Հելո Պինեյրուն։ Նա ողջ է, առաջվա պես ապրում է իր սիրելի Բրազիլում և հպարտորեն կրում է իփանեմացի աղջկա աշխարհով մեկ հայտնի տիտղոսը։ Մտեք համացանց, գրեք նրա անունն ու ինքներդ համոզվեք, որ տարիներն անկարող են եղել նրա գեղեցկությունը խամրեցնել։

Ահա էսպես․․․աշխարհի ամենահայտնի, ամենագեղեցիկ, ամենառոմանտիկ հիթերից մեկի կարճ պատմությունն էր մեր և ձեր «Արևիկի» եթերում, որը վերապատմեց ձեզ Քրիստ Մանարյանը։ Լավ եղեք, լսեք լավ երաժշտություն։

Ցուցադրել ավելի
Back to top button