Մեր հյուրի՝ հոգեբան, մանկական քնի մասնագետ Էմմա Արզիևայի հետ շարունակում ենք քննարկել նորածինների քնի կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր։ Չենք մոռանում հարցնել նաև օրորոցայինների մասին։
«Օրորոցայինները կախարդական նշանակություն ունեն,– ժպտում է մեր հյուրը։ – Մի քանի գործոններ կան, որոնք մեզ օգնում են։ Առաջինը «քնի մանթրա» կոչվածն է, մոնոտոն ելևէջները։ Երկրորդը՝ մայրիկի ձայնն է կախարդական, մայրիկի շնչառությունը։ Այնպես որ, այո, օրորոցայինները միշտ խրախուսվում են»։
Հարց – Որքա՞ն հաճախ կարելի է կերակրել նորածիններին գիշերը, որպեսզի նրանց քունը չտուժի։
Է․ Արզիևա – Ծնողներին հաճախ է այս հարցն անհանգստացնում։ Ավելի մեծ տարիքում կերակրումները, իհարկե, պետք է պակասեն, բայց նորածնային շրջանում որքան շատ լինեն կերակրումները, այնքան՝ լավ, որովհետև նորածնային փուլում լակտացիան դեռևս լիովին կարգավորված չէ, իսկ գիշերվա ընթացքում արտադրվում է «պրոլակտին» հորմոնը, որը պատասխանատու է առատ կաթնարտադրության համար։ Ահա թե ինչու երիտասարդ և նորաթուխ մայրիկներին խորհուրդ կտամ կերակրել այնքան, որքան բալիկը կպահանջի գիշերվա ընթացքում։
Հարց – Նույնիսկ եթե դա տասը րոպեն մե՞կ է։
Է․ Արզիևա – Այո, կարող է տասը րոպեն մեկ էլ լինել, որովհետև երեխայի ստամոքսը շատ փոքր է, կաթն էլ դյուրամարս է, և հաճախ բալիկը կարող է շատ արագ մարսել և նորից կերակրվելու կարիք ունենալ։Եվ այս՝ նորածնային փուլում, առաջնորդվում ենք երեխայի պահանջով։
Հարց – Եթե անգամ երեխան գիշերը երկարատև, առողջ քուն ունի, հաճախ է պատահում, որ հանկարծ, անսպասելի ճչոցով արթնանում է, երբեմն՝ հանգստանում, երբեմն՝ շարունակում լաց լինել։ Ցավող տեղ, կարծես, չկա։ Ի՞նչ է պատահել։
Է․ Արզիևա – Սկսենք նրանից, որ նորածիններն ունեն շատ բարձր զգայունակության շեմ։ Ի՞նչ է դա նշանակում․ արտաքին միջավայրի տրիգերները նրանց վրա մեծ ազդեցություն են թողնում։ Երեխան ամբողջ օրվա ընթացքում հավաքում է այդսթրեսածին ազդակները, իմպուլսները և գիշերվա ընթացքում նյարդային լարվածությունից ազատվում է նույն ճչոցի միջոցով, երկարատև լացի միջոցով։ Եթե այս երևույթը՝ վեր թռչել, ճչոցով արթնանալ, հաճախ է կրկնվում, սա ազդակ է, որպեսզի մենք հասկանանք, թե որքան է արթուն մնում երեխան ցերեկվա ընթացքում։ Եթե ցերեկվա ընթացքում կուտակվում է գերլարվածություն, օրինակ՝ մեկ ժամից երկար է արթուն մնում կամ աղմկոտ, մեծ ձայնային ֆոն ունեցող տարածքներում է գտնվում, կարող են այդ իմպուլսները կուտակվել և գիշերվա ընթացքում հիշեցնել իրենց մասին․․․
Շարունակությունը՝ զրույցում