Այսօր ներկայացնելու եմ հիրավի չքնաղ մի երգ, որն աշխարհ գալու առաջին իսկ րոպեից սիրվեց ու լայն տարածում ստացավ բոլոր մայրցամաքներում։
Ըստ Վիքիդարանի՝ երգն այս ձայնագրվել է երկար տարիներ՝ շուրջ 18 տարի։ Ինչո՞ւ․․․
Ճիշտն ասած, տեխնիկապես, իհարկե, այդպես չի ու չէր էլ կարող լինել, հաշվի առնելով նաև երաժշտական աշխարհի այն հսկաներին, որոնք այն ձայնագրել են։
Հիմա ադեն հեռավոր 1995 թվական, դեկտեմբերի 4․․․
Ես նստած եմ Լոս Անջելեսի Դաունթաունում ու մեջքս ծռելով՝ զբաղված եմ ոսկերչությամբ։
Արդեն մայրամուտ է, լուսամուտներից երևում է, թե ինչպես են ամերիկացիները գնում տուն․ մենք՝ առանց գլուխներս բարձրացնելու, շարունակում ենք աշխատել։ Ինչ որ մեկը միացրել է ռադիոն՝ ամերիկյան ալիքներից մեկը․․․
Ու հանկարծ, այդ ռադիոյով բարձր ու զիլ հնչում են հրաշալի հնչյուններ, հարազատ ու ծանոթ հարմոնիաներ՝ միջին, ամուր, ինքնավստահ տեմպով․․․երգը չեմ լսել, բայց թվում է՝ լսում եմ հազարերորդ անգամ․․․ այս ամենն ինձ իսկապես ծանոթ է, ձայները հարազատ են ցավեցնելու աստիճան․․․ միանգամից չեմ հասկանում, թե ինչ է լսածս, բայց սիրտս արագ է խփում․․․The Beatles սկսում է զարկել քունքերումս, հաստատ Բիթլզ:
Բայց ախր ո՞նց․․․ այս ի՞նչ հրաշք է, այս ի՞նչ երգ է, որ մինչև հիմա չեմ լսել, ո՞նց կարող է նման բան լինել, չէ՞ որ լիվրփուլյան քառյակի ողջ երգացանկը գիտեմ, այս ի՞նչ բացթողում է․․․ Free as a bird երգում է ՄքՔարթնին՝ «Թռչնի պես ազատ․․․»։
Ես չէի հասկանում, թե ինչպես է հնարավոր, որ Լենոնն իր մահից 15 տարի անց կրկին երգի, բայց բացահայտորեն լսում էի նրա ձայնը և զգում էի նրա անթերի ձեռագիրը․․․
Այդ օրերին և հետագա ամսիներին բոլորն էին լսում Free as a bird երգը, դիտում էին չքնաղ տեսահոլովակը, այն ցուցադրվում ու հնչում էր ամենուրեք, ամեն տեղից․․․
Դա, ինչպես հետո պարզվեց՝ The Beatles Anthology հսկայական երաժշտական նախագծի նախապատրաստական, առաջին քայլերից էր։ Հնչում էր նաև Լեննոնի մեկ այլ երգ՝ Real Love-ը, նույնպես տեսահոլովակ ունեցող։
1969 թվականը համարվում է Բիթլզի քանդման, բաժանման տարին։ Ընդունված է համարել նաև, որ 1970 թվականի ապրիլի 10-ին տված մի երկիմաստ հարցազրույցում Փոլ ՄքՔարթնին, ըստ էության, պաշտոնապես գուժեց լիվրփուլյան քառյակի գոյության ավարտը, վախճանը։
Free as a bird երգը գրվել է դրանից շուրջ 7 տարի հետո։ Ի՞նչ էր զգում ու մտածում Ջոնը, երբ 7 տարի հետո, կիթառը ձեռքը վերցրած, գրում էր երգի դեմո տարբերակը․․․ գուցե փորձում էր հասկանալ, թե իր մեղքի բաժինը ո՞րն էր խումբը կորցնելու տխուր գործընթացում, գուցե պարզապես համակված էր սովորական, մարդկային հիշողություններով․․․հիշում էր իրենց լավ, երանելի, հաղթական տարիները․․․
Ներկայացնեմ երգի բառերը թարգմանաբար, ինքներդ դատեք՝
Ազատ, թռչնի պես․․․
Դա լավագույնն է, որ կարելի է պատկերացնել՝ լինել ազատ թռչնի պես․․․
Տուն, տաք, չոր տուն,
Տուն վերադարձող թռչնի պես
Ճախրում եմ՝ թևիս եմ տալիս․․․
Ի՞նչ պատահեց մեր իմացած կյանքին,
Կկարողանա՞նք արդյոք ապրել առանց մեկմեկու․․․
Որտե՞ղ կորցրինք մեր կապը,
Որն էնքա՜ն կարևոր էր մեզ համար․․․
Ինչը միշտ ինձ թույլ էր տալիս զգալ
ազատությունը․․․
Ազատ՝ թռչնի պես
Ազատ, ազատ, ազատ թռչնի պես,
Ազատ․․․
Գերազանցել է Լենոնն ինքն իրեն․ըստ իս, երկիմաստ հոգեվիճակները ներկայացնելով ու փաստելով, որ անցածն անցած է, բայց այն միևնույն է՝ կա ու կլինի։ Նրա հոգին ձգտում է լինել թռչնի պես ազատ, անկաշկանդ, որ հետո թռչի դեպի կարոտած անցյալը․․․
ՄքՔարթնին պատմում է, որ խնդրել է Յոկո Օնոյին տալ իրեն Լենոնի մի քանի սևագրերը, ստացել է 4 երգ և ընտրել է երկուսը՝ Free as a bird-ն ու Real Love-ը։
Նա պատմում է, որ Ջոնի որդին՝ Շոնը, տարակուսած ասել է․ «Դուք իսկապե՞ս ուզում եք, որ երգում մահացած մարդու ձայնը հնչի»։ ՄքՔարթնին պատասխանել է․ «Դու ու մայրդ ուզած պահին կարող եք արգելել մեզ դա անել, մենք ձեզ սխալ չենք հասկանա»։ Բայց Լենոնի որդին, ի վերջո, համաձայնվել է՝ չէ՞ որ իր մահացած հոր ձայնն այսպես, թե այնպես անվերջ հնչում է, ինչո՞ւ չհնչի նոր գործիքավորմամբ։
Արդյունքում Փոլը, Ջորջն ու Րինգոն՝ ձայնակցելով Ջոնի դեմո տարբերակում հնչող երգին ձայնագրել են հայտնի սինգլը, որի պրոդյուսերը հանրահայտ ELO խմբի հիմնադիր, իրենց վաղեմի ընկեր՝ Ջեֆ Լինին էր։
Ջեֆ Լինը պատվով դուրս եկավ իրեն վստահված բարդ գործի տակից և ձայնագրեց էսօրվա իմ ներկայացրած երգը, մի գործ, որը տեղնուտեղը դարձավ համաշխարհային հիթ։
Խոսքս ավարտելուց առաջ, հորդորում եմ ինձ լսողներին նորից նայել երգի գլուխգործոց- տեսահոլովակը, որում Լենոնի մանկության սենյակը ներխուժած թռչունը պտտվում է տան ներսում ապա պատուհանից թռչում է դուրս ու ըստ էության, ճախրում Բիթլզի ողջ պատմության միջով․․․
Ամեն դրվագն իրենից ներկայացնում է քառյակի ամենահայտնի երգերից մեկի հնարավոր իլուստրացիան, իսկ ընդհանուր առմամբ՝ տեսահոլովակում, այսպես, թե այնպես շուրջ 100 անդրադարձ կա Բիթլզի գործերին ու պատմությանը, զարմանալի սիրով ու համբերությամբ արված։
Պայծառ ու լուսավոր այս երգը միշտ հիշեցնելու է բոլորին ու բոլորիս, որ ժամանակին եղել է բրիտանական մի խումբ, աշխարհում ամենահայտնին, Բիթլզ անունով, որն իր փլուզումից հետո էլ, միևնույն է, մնացել է Բիթլզ։
Քրիստ Մանարյան