Մայրիկի դպրոց

Հեքիաթ քնից առա՞ջ․․․Մայրիկի դպրոց

Հոգեբան, մանկական քնի մասնագետ Էմմա Արզիևան անդրադարձել է 2+ տարիքի երեխաների քնի կազմակերպման հետ կապված խնդիրներին։

Հարց — Ո՞ր տարիքից է երեխան երազներ տեսնում։ Արդյո՞ք այս տարիքի երեխաների՝ քնից տագնապով արթնանալը, գիշերային վախերը հենց երազների պատճառով չեն։

Է․ Արզիևա — Երազներ երեխաներն սկսում են տեսնել անգամ պրենատալ զարգացման ընթացքում։ Մոտավորապես 26-28 շաբաթականից նրանք արդեն տեսնում են երազներ, իհարկե, զգայությունների մակարդակում, իսկ ավելի մեծ տարիքում՝ արդեն  2+ տարեկանում, կարող են ի հայտ գալ սարսափ երազները՝ պայմանավորված տարիքային վախերով։ Կենդանիները, ինչ-որ կերպարները, մուլտհերոսները կարող են քնի մեջ գալ, երեխային սարսափեցնել, և երեխան ճիչով, լացով արթնանա։ Բայց այս երևույթները, բարեբախտաբար, այդքան հաճախ հանդիպող երևույթներ չեն, այսինքն՝ այնպես չէ, որ երկու տարեկան երեխան ամեն օր սարսափ երազներ պիտի տեսնի։ Դա կարող է լինել շաբաթը մեկ, ամիսը մեկ անգամ։ Եթե մայրիկները տեսնում են, որ դրանք ավելի հաճախ են խանգարում երեխային, օրինակ՝ շաբաթվա կտրվածքով երեքից չորս օր գիշերվա ընթացքում արթնանում է ուժեղ լացով, սա ամենայն հավանականությամբ երազների հետ չէ պայմանավորված։ Սա ավելի շատ կապված է օրվա ընթացքում գերլարվածությամբ։ Երբ երեխան տարիքին համապատասխան ռեժիմ չի ունենում, շատ են ուշացնում քունը, կարող է կուտակվել գերհոգնածությունը և գիշերը երեխան արթնանա ճչոցով, լացով։

Հարց — Հաճախ է լինում, որ շրջապատի իրերն ու առարկաները, անգամ սիրելի խաղալիքները գիշերն ուրիշ կերպարանք են ստանում երեխայի աչքում։

Է․ Արզիևա — Այո, լինում են դեպքեր, երբ մենք իսկապես չենք կարողանում շոշափել, թե երեխան կոնկրետ ինչից է վախենում։ Եվ ցանկալի է այս դեպքերում գնալ, մթության մեջ պառկել երեխայի մահճակալի մեջ և երեխայի աչքերով նայել այն ստվերներին, որոնք առաջանում են մթության մեջ, լսել այն ձայներն ու շշուկները, որոնք գալիս են արտաքին միջավայրից։ Քամու սուլոցը, սառնարանի ծանոթ ձայնը մթության մեջ այլ երանգ կարող են ստանալ, վախեցնել երեխային։ Այդպես՝ երեխայի աչքերով նայենք շրջապատող առարկաներին և անպայման քննարկենք իր հետ այդ ամենը, մեկնաբանենք դրանք, որովհետև երեխայի վախերն ու տագնապները գալիս են անորոշությունից։

Հարց — Գիշերը երեխային հեքիաթներ պատմելու սովորության մասին խոսենք։

Է․Արզիևա-Իրականում կան գերզգայուն և ներշնչող տեսակի երեխաներ, և ծնողները շատ լավ զգում են իրենց բալիկին։ Պետք է գիշերային քնից առաջ խուսափել այնպիսի եքիաթներից, որտեղ չար, կախարդող, բացասական կերպարներ կան և ընտրել հեքիաթների ավելի թեթև տարբերակներ։ Աշխատասիրության մասին, ընկերասիրության մասին, ուրախ ավարտով հեքիաթներ է պետք ընտրել, իսկ այն հեքիաթները, որոնք ուղղակի կարող են երեխայի մոտ վախի և տագնապի զգացողություն արթնացնել, թողնել ցերեկային ժամերի համար և անպայման դրանք մեկնաբանել, հարցեր տալ երեխային, վախի նոտաները դուրս բերել քննարկման, որպեսզի երեխայի մոտ երեկոյան տագնապի զգացողություն չառաջանա։ Բայց գիշերային քնից առաջ ավելի նախընտրելի տարբերակ է գուաշով, ջրաներկերով, պաստելներով աշխատանքը, որը հնարավորություն է տալիս բալիկին նեգատիվ հույզերից ազատվել և հանգիստ գնալ քնելու։

Շարունակությունը՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button