«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 11-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հաղթեց Ֆրանսիայի պատվիրակ Լիսանդրոն՝ «Oh Maman» երգով: Նա վաստակեց 203 միավոր։
Քվեարկությունը մեկնարկել էր դեկտեմբերի 9-ից jesc.tv կայքում, որտեղ հնարավոր էր դիտել բոլոր մասնակիցների ելույթների նախնական տարբերակները:
Քվեարկությունն ավարտվեց մրցույթի օրը՝ շոուից անմիջապես առաջ: Այն վերսկսվեց մրցույթի ընթացքում՝ բոլոր ելույթներից հետո: Քվեարկությունը տևեց 15 րոպե: Հեռուստադիտողի քվեն վերածվեց միավորների՝ դառնալով մրցույթի արդյունքի մի մասը, մյուս մասը ձևավորվեց ժյուրիի գնահատականի հիման վրա:
Հայաստանի պատվիրակ Նարեն Dance երգով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Նա ժյուրիի քվեարկության արդյունքում վաստակեց 110 միավոր, ևս 70 միավոր էլ ստացավ հեռուստադիտողի քվեարկությունից։