«Քույր-դպրոցներ» ծրագիրը կամփոփվի ինքնատիպ համերգաշարով

Դեկտեմբերի 18-ին, 21-ին և 23-ին Երևանում կիրականացվեն Երևանի ու ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի տարեկան եզրափակիչ համերգ-միջոցառումները:
Դեկտեմբերի 18-ին` ժամը 17:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա համերգաշարի բացումը, որի ընթացքում «Հայրենիք՝ Հայաստան» խորագրով ցուցահանդեսով կներկայանան Երևանի և ՀՀ մարզերի արվեստի դպրոցների սաները` շուրջ 80 աշխատանքով: Այնուհետև՝ ժամը 17:30-ին, կկայանա գալա-համերգը. ծրագրի շրջանակում առավել աչքի ընկած մասնակիցներից բաղկացած համույթների և նվագախմբերի կատարումներով։
Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 15:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա մենակատարների համերգ՝ կրկին Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական ու արվեստի դպրոցների սովորողների մասնակցությամբ: Դեկտեմբերի 23-ին էլ՝ ժամը 15:00-ին, Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի համերգասրահում կկայանա «Քույր դպրոցներ» ծրագրի մենակատարների և համույթների ամփոփիչ համերգը:
Ծրագրի նպատակն է մշակութային կրթության ոլորտի շարունակական զարգացումը, ոլորտի գրավչության մեծացումը, համատեղ ստեղծագործական աշխատանքի, գործնական հմտությունների ձեռքբերումը: Այն նպաստում է նաև ֆորմալ և ոչ ֆորմալ ուսուցման, փորձի փոխանակման հարթակների ձևավորման և դրանց գործունեության միջոցով ոլորտի համաչափ, ներդաշնակ, հավասարաչափ զարգացման ապահովմանը: