Լուրեր

Հայ ծանրորդները երկու բրոնզե մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ավարտված աշխարհի առաջնությունում երկու բրոնզե մեդալ է նվաճել։ Հայաստանի ներկայացուցիչներից պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել են Սամվել Գասպարյանը (102 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ):

Մրցումային վերջին օրը պայքարի դուրս եկած 23-ամյա Վարազդատ Լալայանը երկամարտի 461 կգ (215+246) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր։ Նա նաև 1 փոքր արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ հաջող կատարելով բոլոր 3 մոտեցումները՝ վերջնարդյունքում գլխավերևում պահելով 215 կգ կշռող ծանրաձողը։

Լալայանը երկամարտում 1 կգ-ով է զիջել արծաթե մեդալը նվաճած Գոռ Մինասյանին, որը ներկայացրել է Բահրեյնը։ Հայաստանի հավաքականի նախկին անդամը երկամարտի 462 կգ (212+250) արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղը և կարիերայում երրորդ անգամ հռչակվել աշխարհի առաջնության փոխչեմպիոն։ Գերծանր քաշայինների պայքարում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն՝ երկամարտի 466 կգ (215+251) արդյունքով։

Ցուցադրել ավելի
Back to top button