Լուրեր

Մասկը կհեռանա՞ Թվիթերի գործադիր տնօրենի պաշտոնից

Ամերիկացի բիզնես մագնատ, ձեռնարկատեր, Twitter սոցիալական հարթակի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ կհրաժարվի Twitter-ի գործադիր տնօրենի պաշտոնից, եթե նման որոշում կայացնեն հարթակի օգտատերերը:
Անցած գիշեր նա Twitter-ում քվեարկություն էր նախաձեռնել ու խոստացել, որ կենթարկվի դրա արդյունքներին:

Հարցման վերաբերյալ գրառումից հետո Մասկը ևս մեկ գրառում է կատարել՝ ասելով. «Ինչպես հայտնի ասացվածքն է ասում՝ զգույշ եղեք ձեր ցանկություններից, քանի որ դրանք կարող են իրականանալ»:

Հիմա արդեն պարզ է, որ քվեարկության արդյունքների համաձայն՝ Twitter-ի սեփականատերը պետք է հրաժարվի ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից: Ընդհանուր առմամբ, քվեարկել է 17 502 391 օգտատեր: Նրանց 57.5 %-ը կողմ է արտահայտվել Մասկի հեռանալուն, 42.5 %-ը՝ դեմ:

Հիշեցնենք, որ Մասկը Twitter սոցիալական հարթակը ձեռք է բերել հոկտեմբերին՝ դրա համար վճարելով 44 միլիարդ դոլար: Վերջին երկու ամիսների ընթացքում նա մի շարք փոփոխություններ է կատարել ընկերության քաղաքականության մեջ, որոնք ոչ միանշանակ են ընդունվել: Մասնավորապես, նա աշխատանքից ազատել է ղեկավար պաշտոններ զբաղեցնող մի քանի աշխատողների, կրճատել է անձնակազմի գրեթե կեսին, իսկ մնացած աշխատողներին ասել է, որ կա՛մ պետք է ավելի քրտնաջան աշխատեն, կա՛մ հեռանան: Օրերս նա կասեցրել էր մի քանի առաջատար ԶԼՄ-ների լրագրողների օգտահաշիվներ, ինչպես նաև վերականգնել էր ընդմիշտ արգելափակված մի քանի օգտատերերի, այդ թվում՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը:

Ցուցադրել ավելի
Back to top button