Լուրեր

«Մեկնարկ» ծրագրի անդամները հանդես կգան տարեվերջյան եզրափակիչ համերգով

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը դեկտեմբերի 25-ին՝ ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան կամերային տանը կիրականացնի «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի գալա համերգը:

Գալա համերգը կատարված աշխատանքների ինքնատիպ ստուգատես է, որի ընթացքում կամփոփվեն 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, տոնական մթնոլորտում կներկայացվեն պատանի երաժիշտ-կատարողների ստեղծագործական աճը, կատարողական վարպետությունն ու ձեռքբերումները:

Համերգի ընթացքում կկատարվեն հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրը միտված է բացահայտելու և աջակցելու 11-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ–կատարողներին՝ «Դաշնամուր», «Ջութակ», «Թավջութակ» մասնագիտություններում:

2022 թվականի ծրագրում ընդգրկված էին 15 տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարող և 6 առաջատար մասնագետ:

Ծրագրում ներգրավված 15 պատանի երաժիշտները 2022 թվականին մասնակցել են 48 միջոցառման` մրցույթների, փառատոների, համերգների, վարպետության դասերի: 

Նրանցից շատերն արժանացել են հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկրի կոչմանը: Մասնավորապես՝ 2022 թվականի ընթացքում ծրագրի անդամները մասնակցել են 18 (առկա և առցանց) երաժշտական միջազգային մրցույթների և արժանացել 1-ին և 2-րդ մրցանակների:

Ծրագրի մասնակիցները համերգներով հանդես են եկել Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Պատանի երաժիշտները Թունիսում (Ջերբա) կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին հանդես են եկել համերգային ծրագրով՝ մասնակից երկրների ղեկավարների ներկայությամբ: Պատանի երաժիշտները նաև ելույթներ են ունեցել հայաստանյան և արտերկրի նվագախմբերի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button