Մայրիկի դպրոց

Հասկանալ չի նշանակում թույլ տալ. Մայրիկի դպրոց

Մտածե՞լ եք, սիրելի մայրիկներ, թե ինչու՞ մեր զավակները, որոնք դեռ երեկ մեզ պատմում էին իրենց կյանքում տեղի ունեցող ամեն ինչի մասին և իրենց բոլոր խնդիրներով առաջինը մեզ էին դիմում, դեռահասության տարիքում հանկարծ, անսպասելիորեն փակում են դուռը հենց մե՛ր առաջ, ամենևին ցանկություն չեն ունենում  խոսելու իրենց խնդիրների մասին հենց մե՛զ հետ։

Հոգեբան Արմինե Վարդանյանի հետ զրույցը այս հարցով ենք սկսում և պարզում, որ դա անսպասելի է մե՛զ համար, բայց դրա սկիզբը դրել ենք հենց մե՛նք շատ ավելի վաղուց։

Հարց – Ինչու՞ մեր երեխան, որը մինչև այդ բաց էր մեր առաջ, հասկանալի էր և ընթեռնելի, չի ուզում հենց մե՛զ հետ կիսվել։

Ա․ Վարդանյան – Հիշենք, որ դեռահասությունը բարդ շրջան է նախևառաջ երեխայի համար։ Երեխայի մեջ տեղի են ունենում փոփոխություններ ֆիզիոլոգիական առումով,  այդ ֆիզիոլոգիական փոփոխությունները շատ լուրջ ազդում են երեխայի հոգեկան աշխարհի վրա, նաև հսկայական փոփոխություններ են տեղի ունենում երեխայի հուզական դաշտում։ «Ես ինչպիսի՞ն եմ»․ ա՛յ, այդ «եսի» զգացողությունը կորչում է և բավականին տևական ժամանակով է կորչում։ Ամեն ինչ է փոփոխվում, օրինակ, ընկալումը, թե ինչպիսին են իր ծնողները։ Ինքն իր համար նոր բացահայտումներ է անում, որոնք ինչ–որ առումով կարող են և՛ ցավեցնել իրեն, և՛ դուր չգալ, ինքը կարող է իրականության նոր կողմերը տեսնել, որն իրեն դարձյալ մտորելու առիթ տա։ Այսինքն, փոփոխությունները դեռահասի կյանքում բավականին շատ են՝ որ ոլորտն էլ վերցնենք։ Ցանկացած հարց, որը կունենա ծնողը դեռահասի հետ, շատ կարևոր է, որ հիշի, որ իր երեխան գտնվում է բավականին բարդ փուլում։ Եվ այս փուլում մենք պետք է ոչ թե ակնկալիքների տեղատարափ թափենք երեխայի գլխին, այլ ճիշտ հակառակը․ պիտի լինենք երեխայի կողքին և օգնենք հասկանալ և անցնել այդ դժվար փուլը։ Եվ, այո, այս շրջանում դեռահասները մեզնից մի փոքր հեռանում են։

Երեխան կարող է, օրինակ, տուն գալ և ասել, որ որոշել է մազերը կապույտ ներկել, որովհետև դա շատ ժամանակակից է, այդպես անում են բակի իր ընկերները, և այդպես ասել է, օրինակ, Պողոսը։ Բայց այդ Պողոսը, որպես էդպիսին, մեր կյանքէում որևէ դեր, նշանակություն չունի և արժեհամակարգային տեսակետից էլ մեզնից բավականին հեռու է։ Ա՛յ, այս շատ սովորական հարցին, կախված նրանից, թե մենք ինչպիսի արձագանք ենք տալիս, մեր երեխան հաջորդիվ իր էս տեսակ խնդիրներով, հարցերով, մտորումներով, կարծիքներով, ենթադրություններով  կա՛մ կգա մեզ մոտ, կա՛մ կփակի դուռը մեզ համար։

Եթե մենք բուռն արձագանք ենք տալիս՝ էս ի՛նչ հիմար բաներ ես ասում, Պողո՞սն ով է, էլ չլսեմ էդպիսի բան և այլն, ապա մենք մեծ հավանականությամբ հենց ինքներս կփակենք դուռը դեպի երեխան։ Բայց փորձենք հասկանալ, օրինակ, ինչու՞ կապույտ, ինչպե՞ս է ինքը պատկերացնում իր մուտքը այդ կապույտ մազերով դպրոց, ինչպե՞ս է պատրաստ կողքից արձագանքներին, փորձենք հասկանալ, թե ինչի՛ մասին է խոսում երեխան։ Այսինքն՝ երեխան գալիս է իր խնդրով, մենք ոչ թե միանգամից քննադատում ենք, բուռն արձագանք ենք տալիս դրան, այլ հիշում ենք, որ երեխան գտնվում է բարդ փուլում և մեր աջակցության կարիքն ունի, և փորձում ենք հասկանալ, վերծանել, թե ինչ հաղորդագրություն է ինքը մեզ դրանով փոխանցում։ Մենք հաճախ դա չենք անում, որովհետև վախենում ենք․ մեզ թվում է, որ եթե հասկանանք երեխային, դա՝ այդ հասկանալը, նույնական է թույլ տալուն։ Այդպես չէ․․․

Ցուցադրել ավելի
Back to top button