Զարթուցիչ

Իսկ ո՞րն է ձեզ համար Ամանորի հրաշքը. Զարթուցիչ

Այսօր տարվա 360-րդ օրն է։ Ընդամենը հինգ օրից կգա Նոր տարին և մեզ կբերի շատ հրաշքներ ու սիրուն օրեր։
Մի խոսքով բոլորս պատրաստվում ենք տարվա ամենահեքիաթային տոնին։ Հուսանք, որ 2023 թվականին կկատարվեն բոլորիս երազանքները։
Իսկ այս պատմությունը Սուրբ ծննդյան հրաշքի մասին, կարծում ենք ձեզ էլ կհետաքրքրի։


Մի անգամ Սուրբ Ծննդյան տոների նախօրեին Օ՛Հենրին, որին այն ժամանակ կոչում էին Ուիլյամ Սիդնեյ Պորտեր, հայտնվել էր անազատության մեջ ու ստիպված էր բանտում անցկացնել Նոր տարին։ Տանը նրան սպասում էր նրա փոքրիկ աղջիկը, որին հայրը շատ էր ցանկանում նվեր ուղարկել՝ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ ։ Սակայն բանտում նա ոչ գումար ուներ, ոչ էլ այն վաստակելու հնարավորություն: Եվ ահա մի առավոտ Օ Հենրին մի գեղեցիկ հեքիաթ է գրում, տակը ստորագրում միտքն եկած առաջին անվամբ՝ Օ Հենրի, և այն ուղարկում թերթի խմբագրություն: Օրեր անց հեքիաթը տպագրվում է թերթի տոնական համարում, որից բանտում գտնվող Օ՛Հենրին մեծ հոնորար է ստանում , իսկ նրա աղջիկը ամենալավ Ծննդյան տոնի նվերը…Եվ սա մեկն է հազարավոր հրաշքներից, որոնք կարող են կատարվել Ամանորին։


Այնպես, որ երբեք մի դադարեք երազել, անգամ երբ իրավիճակը ձեզ անելանելի է թվում, և հրաշքի մասին խոսք անգամ լինել չի կարող, ամեն ինչ կարող է զարմանալի ընթացք ստանալ… Ինչպես այս պատմության հերոսների հետ եղավ։


Այսօր Զարթուցիչում ներկայացրել ենք նաև Նոր տարվա ներկայացումների ցանկը, որոնք պատրաստել են Երևանի թատրոնները։


Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում փոքրիկները կարող են դիտել «Սանտայի հյուրերը» ամանորյա երաժշտական ուրախ ներկայացումը:


Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը թատերասերներին կներկայացնի «Մոխրոտը» կախարդական ներկայացումը:

Կ. Ստանիսլավկսու անվան ռուսական դրամատիկական թատրոնում երեխաները հնարավորություն կունենան դիտելու «Արքայադուստր գորտը» ներկայացումը:


Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնն էլ հանդիսատեսին կներկայանա «Ընկույզկոտրուկի գաղտնիքը» ներկայացմամբ։


Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում փոքրիկները կարող են դիտել «Ձմեռ պապի գաղտնիքը» մանկական ինտերակտիվ ներկայացումը:


Այցելեք նաև Հ. Մալյանի անվան թատրոն և դիտեք «Հրաշագործի ճամպրուկը կամ էլֆերի նոր արկածները» ամանորյա ներկայացումը:

Տոնը տոն, բայց Նոր տարվա օրերին պետք է ուշադրություն դարձնենք նաև մեր առողջությանը։ Հատկապես, երբ հավաքվում ենք տոնական սեղանի շուրջ, պետք է հետևենք մի քանի պարզ կանոնների, որպեսզի խուսափենք անցանկալի երևույթներից։


Այդ մասին է Զարթուցիչի թղթակից Լաուրայի պատրաստած «Առողջության այբուբեն էջը»։

Ցուցադրել ավելի
Back to top button