
2023 թվականի հունվարի 9-ին լրանում է համաշխարհային հեղինակություն վայելող ֆիլմերի հեղինակ, կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 99-ամյակը:
Սերգեյ Փարաջանովի թանգարանի աշխատակիցները, նրա արվեստի երկրպագուներն այսօր այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցեցին Մաեստրոյի հիշատակին և ծաղիկներ խոնարհեցին նրա շիրիմին: Այնուհետև Փարաջանովի ու թանգարանի ընկերները, բարեկամները, նրա արվեստի երկրպագուներն ու թանգարանի այցելուները հավաքվեցին թանգարանում: Հյուրերը դատարկաձեռն չէին եկել։ Թանգարանի հավաքածուն հարստացավ նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի ստեղծագործությամբ և կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի Փարաջանովին նվիրված ստեղծագործության պարտիտուրով:Ցուցադրվեց «Ո՞վ էր 66 ամյա Փարաջանովը» խորագրով վավերագրական ֆիլմը:
Ս. Փարաջանովի թանգարանը տարվա ընթացքում նախատեսում է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի համագործակցությամբ կկազմակերպի «Կինոյի տաճար» ցուցահանդեսը և կցուցադրվեն հատվածներ «Նռան գույնը» ֆիլմից: Այցելուներին կներկայացվի «Իրական, անիրական Փարաջանովը» խորագրով թատերական ներկայացումը: Նախատեսվում է կինոդիտում-քննարկում, կուցադրվեն համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցները: Թանգարանը Երևանի մնջախաղի պետական թատրոնի հետ կիրականացնի թատերական նախագծեր՝ մնջախաղի միջոցով կենդանացնելով Ս. Փարաջանովի ստեղծագործությունները: Տեղի կունենա դասախոսությունների շարք, կմշակվի և կհրատարակվի Փարաջանովի լավագույն ֆիլմերի եռալեզու տեղեկատվական գրքույկը, կստեղծվի ֆոնդային ստեղծագործությունների էլեկտրոնային գեղադիտակը, կհրատարակվի փարաջանովյան աֆորիզմների գիրքը: